գլխավոր Facebook «Պետությունը խաղալիք չէ, պետական կառավարման համակարգ կառավարելն ամեն մարդու բան չէ». Գարեգին...

«Պետությունը խաղալիք չէ, պետական կառավարման համակարգ կառավարելն ամեն մարդու բան չէ». Գարեգին Մելքոնյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱԼԻՔ ՉԷ, ԵՐԿԻՐ ԿԱՌԱՎԱՐԵԼԸ ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԲԱՆԸ ՉԷ.

Հայաստանում անվտանգ, ապահով և բարեկեցիկ ապրելը պետք է երաշխավորի (ապահովի) Հայաստան պետությունը, ավելի կոնկրետ` Հայաստանի պետական կառավարման համակարգը:

Պետական կառավարման համակարգը կարելի է նմանեցնել մեքենայի կամ մեխանիզմի, որի լավ աշխատելուց է կախված, թե լավ կապրեն այդ պետության բնակիչները, թե` ոչ:

Ժողովուրդն ընտրում է որոշակի գաղափարախոսության և ծրագրի շուրջ հավաքված մարդկանց, թիմերի, որոնք պետք է կառավարեն այդ մեքենան` պետական կառավարման համակարգը:

Ծրագիրը պետք է նպատակ ունենա ստեղծելու, կառուցելու, զարգացնելու, բարելավվելու, այլ կերպ ասած լինի դրականին ուղղված, հիմնված “ՀԱՆՈՒՆԻ” վրա: Իսկ թիմը պետք է ցանկություն և ունակություն ունենա իրականացնելու այդ ծրագիրը:

Գնահատեք վերջին երեք տարիները: Հայաստանում իրականացվել է արդյոք ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ, իրականացվել է արդյոք ՀԱՆՈՒՆ ավելի լավ Հայաստանի կառուցմանն ուղղված ծրագիր թե` ոչ:
Աշխատել է արդյոք պետական կառավարման համակարգը արդյունավետ, որպեսզի ապահովի Հայաստանում զարգացում:

Վիճակի շատ կարճ պատկերը հետևյալն է`

Արտաքին հարաբերություններ, դիվանագիտություն – արդյունքում ձախողված պատկեր և որպես հետևանք` պատերազմ:

Կորոնավիրուս և ճգնաժամի կառավարում – արդյունքում մեծ թվով մահեր, ամենավատ ցուցանիշները տարածաշրջանում:

Տնտեսություն և պետական բյուջե – արդյունքում տնտեսական անկում, պետական պարտքի աննախադեպ աճ:

Եվ վերջապես Արցախ – արդյունքում պատերազմ, հազարավոր զոհեր, վիրավորներ, տարածքների կորուստ, խայտառակ պատմական պարտություն և խայտառակ փաստաթղթի ստորագրում:

Հայաստանի անվտանգություն, սահմանների անձեռնմխելություն – արդյունքում Սյունիքում և Հայաստանի այլ մարզերում խիստ պրոբլեմատիկ իրավիճակ:

Այս ցանկը կարելի է անընդհատ շարունակել:

Հատուկ են այս ծրագիրն իրականացնում, թե` ուրիշ բան չեն կարողանում` մտածեք ինքներդ:

Մի բան կարելի ֆիքսել` այսքան պատահական չեն սխալվում:

Ուրիշներին մեղադրելով, ամեն ինչում ինչ որ մեկին մեղավոր կարգելով և անընդհատ նրանց հետ կռվելով երկիր չեն զարգացնում: Այդպես երկիրը զարգանալ չի կարող:

Պետությունը խաղալիք չէ, պետական կառավարման համակարգը կառավարելը ամեն մարդու բանը չէ:

Անվիճելի է – այս վիճակը և պարտությունների և անկումների ընթացքը ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ, իսկ դրա համար երկրի կառավարումը պետք է անցնի այդ կառավարումից հասկացող, փորձառու, զարգացման ծրագիր ունեցող ուժերին, մարդկանց որոնք չեն հարձակվի եկեղեցու վրա, մարդկանց, որոնք ցանկանում են որ հայկական հողում հայկականը հնչի, ոչ թե ուրիշին հրավիրում և բերում են մուղամ լսելու…

Ընտրությունը` շուտով, կազմակերպված և լավ կառավարվող հայկական պետություն, թե…»: