գլխավոր Իրադարձային Սերժ Սարգսյանը հաստատել է. Օնիկ Գասպարյանը զանգել է իրեն, որի ընթացքում հնչել...

Սերժ Սարգսյանը հաստատել է. Օնիկ Գասպարյանը զանգել է իրեն, որի ընթացքում հնչել են կոշտ-կոշտ խոսքեր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։

«Հաստատում եմ, որ պատերազմից հետո Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է, որի ընթացքում կոշտ-կոշտ խոսքեր եղել են»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ընտրողի հարցին, թե արդյոք ճիշտ է, որ պատերազմից հետո Օ.Գասպարյանն իրեն զանգել է, որի ընթացքում իրենք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։
Ս.Սարգսյանը նշել է, որ չի հիշում հայհոյել են, թե ոչ, սակայն կոշտ խոսքեր ասել են։

«Բա ի՞նչ անեինք, գովեի՞նք, որ հայրենիքի կեսը հանձնել են, 5 հազար զոհ ենք տվել»,- նշել է Ս.Սարգսյանն ու ավելացրել. «Չեք կարծո՞ւմ, որ ծիծաղելի է, որ իր համերկրացին, որին պաշտոններ ու կոչումներ է տվել, զանգահարում է ինձ ու իր անհամաձայնությունն է հայտնում։ Սակայն սա չէ կարեւորը, այլ թե ինչպիսին փոխհարաբերություններ են ունեցել հենց ռազմական գործողությունների ժամանակ, որի արդյունքը եղել է այն, որ մենք գնացել ենք կանխամտածված պարտության»։

«Այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը կատարել է նրա ցուցումները, թե ինքնուրույն է որոշումներ կայացրել՝ կերեւա հետաքննության ընթացքում»,- հայտարարել է Ս.Սարգսյանը՝ նշելով, որ հետաքննություն անցկացնելու են։

Խոսելով հեռախոսազրույցի մասին՝ Ս.Սարգսյանը պատմել է, որ Օնիկ Գասպարյանը զանգել է իրեն ու ասել, որ Սյունիքում է ու այնտեղ դժվար իրավիճակ է՝ նշելով, որ կարծեք թե պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք։

«Ասել եմ մի արատավորի քո գեներալի պագոնները, որեւէ կերպ պետք չէ նպաստել այն որոշումների կատարմանը, որոնք նշված չեն կապիտուլյանտի կողմից ստորագրված փաստաթղթում»,- ասել է Ս.Սարգսյանը՝ նշելով, որ այդ ժամանակ 280-300 քառ. կմ տարածք՝ Ղուբաթլուի հատվածում, մեր զորքերի վերահսկողության տակ էր գտնվում, որը հանձնվել է կապիտուլյանտի բանավոր պայմանավորվածության հիման վրա։
Ս.Սարգսյանը նշել է, որ նշված տարածքը չհանձնվելու դեպքում Սյունիքում քիչ թե շատ անվտանգ կլիներ այսօր։