գլխավոր Իրադարձային Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը. ՀԱԿ-ը...

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը. ՀԱԿ-ը Գյումրիում քարոզարշավ անցկացրեց

«Հայ Ազգային Կոնգրեսը» Գյումրիում քարոզարշավ է անցկացրել կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի գլխավորությամբ: 

Չնայած Մարալիկի հանդիպումը չեղարկվել էր, սակայն Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Մարալիկի քաղաքապետի հարցին:  «2018 թվականին, երբ տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխությունը» մարալիկցիները որոշեցին, որ վերջապես կազատվեն իրենց կաշառակեր քաղաքապետից, պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ: Եղան միտինգներ, կոչեր, հասան նույնիսկ նրա, որ քաղաքապետը քաղաքապետարանից փախավ ու քաղաքն  ուրիշ տեղից էր ղեկավարում: Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ թեկուզ 2 հազար մարդ ստորագրի քաղաքապետի հրաժարականի պահանջի տակ, ինքն անվստահություն կհայտնի: 4 հազար մարդ ստորագրեց, բայց ոչ մի բան տեղի չունեցավ: Հիմա էլ ասում են՝ «տվեք մեզ պողպատյա մանդատ, որ նրանց հախից գանք», մոռանում են, որ մեր ժաղովուրդը 2018 թվականին իրենց այդ մանդատը տվել էր՝  70 տոկոս ձայն տալով,հիմա ի՞նչ են ուզում: Փուչիկ են՝ ոչ մի բան չեն կարող  անել  կոռուպցիայի դեմ: Փաշինյանի իշխանությունն այլևս  նման ձայն չի ստանալու»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ անդամների կարծիքով, եթե  Լևոն Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, ապա մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը: Նույն ժամանակամիջոցում այլ հարցեր էլ կլուծվեն:

«Վստահեցնում եմ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի գերիների հարցը, մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի Մարալիկի քաղաքապետին անվստահություն հայտնելու և բազմաթիվ այլ հարցեր, որովհետև երկիր կառավարելը կրկես ու թամաշա չէ՝ լուրջ արվեստ է»,- նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Քաղաքական ռեալիզմի դիրքերի վրա հաղթանակի հասնելու ու միջազգային նորմերի շրջանակներում ազգային շահը բարձրացնելու միակ թիմը ՀԱԿ-ն է։ Գյումրիում ընտրողներին ներկայացնելով իրենց ծրագրերը` այսպիսի հայտարարություն արեցին կուսակցության անդամները:

Ըստ  Զուրաբյանի, ժամանակն է լրջանալու: Պետությունն այնպիսի ղեկավարներ պետք է ունենա, որոնք կիմանան` ինչպես է պետք բանակցել , նաև ապացուցեն, որ բանակցել գիտեն:  

«Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը գերիների վերադարձի համար: Պարզվում է՝ հրապարակավ առաջարկել է իր որդուն գերիների դիմաց, բացի այդ, նաև պաշտոնական նամակ էլ է գրել Ալիևին: Ինչպե՞ս պետք է վարվի, կամ ի՞նչ պետք է մտածի Ալիևը Նիկոլ Փաշինյանի կարողությունների մասին: Պետք է մտածի, որ Նիկոլ Փաշինյանն այդպես է բանակցում, իսկ դա ժողովրդի վրա տպավորություն թողնելու էժանագին հնարք է՝ մի քանի մարդու խաբելու: Այդ էժանագին շոուն վերածվում է պետական, պաշտոնական քաղաքականության: Նման բանակցող ունենալով` մենք երբևիցե գերիներին հետ կկարողանա՞նք բերել։ Բացառվում է»,- հայտարարեց  Զուրաբյանը։

Խոսվեց նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի  մասին: Ըստ կուսակցության փոխնախագահի, պետություն, որն ունի անհրաժեշտ գումար ամբողջ մայրուղին կառուցելու համար, մոտ 10 տարի դա չի անում: «Սա վերաբերում է և՛ նախկիններին, և՛ ներկաներին: Էն ժամանակ սարքում էին, որ թալանեն, հիմա էլ անունը դնում են կոռուպցիայի դեմ պայքար և 3 տարվա մեջ բան չի փոխվել»,-նշեց Լևոն Զուրաբյանը:

Խոսելով երկրորդ նախագահի վերադարձի մասին՝ ՀԱԿ անդամները վստահեցրեցին, որ  շատերը Ռոբերտ Քոչարյանին դիտարկում են որպես գործող իշխանությունից ազատվելու երկընտրանք:

«Մենք պետք ժողովրդին փրկենք երկընտրանքից։ Չկա՛ երկընտրանք։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ընտրանք չեն մեզ համար: Երկուսն էլ  չարիք են: Ժողովուրդը ձայնը տալով ՀԱԿ-ին, կխուսափի նաև քաղաքացիական պատերազմից»,-նշեց նա: