գլխավոր Միջազգային Լիբանանի նախագահը երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար ՄԱԿ-ից օգնություն է խնդրել

Լիբանանի նախագահը երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար ՄԱԿ-ից օգնություն է խնդրել

Լիբանանը ներկայումս կանգնած է լուրջ տնտեսական եւ սոցիալական խնդիրների առջեւ եւ հույս ունի, որ ՄԱԿ-ի կառույցները եւ բարեկամ պետությունները ավելի շատ աջակցություն կցուցաբերեն երկրի ներկայիս դժվարությունները հաղթահարելու համար: Այս մասին ուրբաթ ասել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, հայտնում է «Սինհուան»:

ՄԱԿ-ի բնակավայրերի հարցերով ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ Լիբանանի պետության ղեկավարը նշել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունները, կորոնավիրուսի համավարակը եւ սիրիացի փախստականների խնդիրը հսկայական վնաս են հասցրել Լիբանանին եւ ծանր բեռ են դարձել երկրի համար: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը ակտիվ դեր կխաղա Լիբանանին օգնություն ցուցաբերելու գործում՝ անընդհատ ճգնաժամերը հաղթահարելու համար:

Նախագահը նշել է, որ Սիրիայում պատերազմի ժամանակ ավելի քան 1,8 միլիոն սիրիացիներ փախել են Լիբանան, որն այլեւս չի կարողանում կրել այդքան ծանր բեռը: Նա միջազգային հանրությանը կոչ է արել օգնել սիրիացի փախստականներին վերադառնալ հայրենիք:

Շարիֆն ասել է, որ ՄԱԿ-ի բնակավայրերի հարցերով ծրագիրը կշարունակի ջանքեր գործադրել եւ տարբեր մարտահրավերների հաղթահարման գործում Լիբանանին հնարավոր բոլոր օժանդակությունները տրամադրել: