գլխավոր Իրադարձային «Ուրախ եմ, որ իմ ակտիվ օժանդակությամբ ադրբեջանական կողմը ազատ արձակեց ՀՀ 15...

«Ուրախ եմ, որ իմ ակտիվ օժանդակությամբ ադրբեջանական կողմը ազատ արձակեց ՀՀ 15 քաղաքացու». Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր միջնորդությամբ 15 հայ գերիների վերադարձին և հայկական կողմից Աղդամի ականապատ տարածքների քարտեզների` Ադրբեջանին փոխանցվելուն:

«Ես ուրախ եմ, որ իմ ակտիվ օժանդակությամբ և մեր ռազմավարական գործընկեր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլիպ Ռիկերի ներգրավմամբ՝ ադրբեջանական կողմը ազատ արձակեց հակամարտության ընթացքում ձերբակալված 15 ՀՀ քաղաքու և նրանց Վրաստանի տարածքով վերադարձրեց իրենց ընտանիքներ:

Մեր ակտիվ ներգրավվածությունը հնարավորություն տվեց նաև, որ հայկական կողմը ականապատված տարածքների վերաբերյալ կարևոր նյութեր հանձնի ադրբեջանական կողմին:

Անձամբ ես անընդհատ կապի մեջ էի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հատկանշական է, որ մեր ռազմավարական գործընկերոջ`ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ և գործընթացում մեր զգալի ներգրավմամբ, հատուկ քայլ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միջավայրի բարելավման ուղղությամբ:

Ես ողջունում եմ մեր հարևան պետությունների այս որոշումը, որը պետք է հիմքեր ստեղծի տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մթնոլորտ ստեղծելու համար:

Մենք պատրաստ ենք ապագայում, անհրաժեշտության դեպքում և հնարավորության սահմաններում օգնելու մեր գործընկերներին և ակտիվորեն ներգրավվել գործընթացներում, առաջին հերթին՝ մարդասիրական խնդիրների լուծման գործում»,– ասվում է գրառման մեջ:

Նշենք այսօր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: