գլխավոր Քաղաքականություն Սերգեյ Կոպիրկին. Մեր նպատակը երկարաժամկետ, արդար լուծում մշակելն է

Սերգեյ Կոպիրկին. Մեր նպատակը երկարաժամկետ, արդար լուծում մշակելն է

Այսօր Ռուսաստանը գործնականում միակն է, ով ոչ թե խոսքերով, այլ գործով է օգնում կարգավորել հայ հասարակության համար անսովոր, տագնապալի եւ զգայուն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Նրա խոսքով, Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտական շփման մեջ է: «Միայն վերջին ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու համար միայն հայկական կողմի հետ անցկացվել է վեց հեռախոսազրույց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ: Գործնականում ամեն օր են շփվում Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները»,- ասել է նա:

«Ավելին, Ռուսաստանը հանդես է եկել առաջարկով, որը, մեր կարծիքով, կարող է ծառայել ծագած խնդրի խաղաղ եւ երկարաժամկետ լուծմանը՝ կատարել սահմանազատում դրա հետագա սահմանագծմամբ: Այդ նպատակով մենք հանդես ենք եկել նաեւ հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես միջնորդ: Միեւնույն ժամանակ, խորհրդատվական օգնություն ցուցաբերելու եւ քարտեզագրական նյութերը տրամադրելու պատրաստակամություն է արտահայտվել»,- ասել է Կոպիրկինը:

Նա ընդգծել է, որ իրականացվում է աշխատատար, քրտնաջան աշխատանք, որը հաճախ տեսանելի չէ լայն հասարակության համար: «Մեր նպատակը փիառի եւ բարձրագոչ հայտարարությունների միջոցով ինչ-որ քաղաքական միավորներ հավաքելը չէ: Մեր նպատակն է օգնել մշակել այս խնդրի երկարաժամկետ, արդար լուծում, որը բխում է ներգրավված կողմերի շահերից: Այսպիսով, իմ կարծիքով՝ տարածաշրջանում հնարավոր է կայունության հասնել»,- ասել է դեսպանը:

Դիվանագետը նշել է, որ Սյունիքում ռուս սահմանապահների ներկայությունը ուժեղացվել է: «Տեղակայվել են սահմանային լրացուցիչ ուժեր, որոնք տեղափոխվել են Ռուսաստանի տարբեր շրջաններից, որպեսզի նրանք կարողանան ծառայել ի լրումն պատասխանատվության ավանդական տարածքների (հայ-իրանական եւ հայ-թուրքական): Հատկապես՝ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց տարածքներում: Մասնավորապես՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում, որտեղ այն հայկական տարածքից անցնում է ադրբեջանական տարածքի եւ հակառակը: Այցելել եմ ռուս եւ հայ սահմանապահների անցակետեր: Իրավիճակը բավական կայուն է»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով Սյունիքի իրավիճակի հետ կապված ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումին եւ կազմակերպության հասցեին դրան հաջորդած քննադատությանը` Կոպիրկինը նշել է, որ հայկական կողմի դիմումին համապատասխան` տարբեր մակարդակներում խորհրդակցություններ են անցկացվել: Մասնավորապես, հարցը քննարկվել է մայիսի 19-ին ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից եղել են մի քանի հայտարարություններ` ուղղված էսկալացիայի կանխարգելմանը: «Այնպես որ, ասել, թե ՀԱՊԿ-ն անտարբեր է մնացել, արդար չէ»,- ասել է նա:

Խոսելով Արցախում խաղաղապահ առաքելության եւ խաղաղապահ զորակազմի ավելացման հնարավորության մասին՝ Կոպիրկինը նշել է, որ խաղաղապահների թիվը սահմանվել է 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ, ուստի այն դժվար թե կամայականորեն փոխվի: «Սա երեք կողմերի համաձայնության արդյունք է: Բավարար է ընթացիկ թիվը, թե ոչ, դժվարանում եմ ասել՝ միայն գիտեմ, որ նման կազմով զորամիավորումն աշխատում է շատ ինտենսիվ եւ արդյունավետ, ընդ որում՝ լուծելով ոչ միայն զուտ խաղաղության եւ կայունության պահպանման խաղաղապահ խնդիրներ, անցկացնելով համապատասխան միջոցառումներ, այլեւ լիարժեքորեն մասնակցելով Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական կյանքի կարգավորմանը եւ վերականգնմանը»,- ասել է նա: