գլխավոր Իրադարձային Նոյեմբերի 9-ից հետո պարբերաբար Ադրբեջանին որոշակի թվով քարտեզներ ենք տվել. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 9-ից հետո պարբերաբար Ադրբեջանին որոշակի թվով քարտեզներ ենք տվել. Նիկոլ Փաշինյան

 2020թ.–ի նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադարձին զուգընթաց հայկական կողմը պարբերաբար Ադրբեջանին որոշակի թվով քարտեզներ է տվել Ադրբեջանին։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում քարոզարշավի շրջանակում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր ոչ թե ականապատ տարածքների քարտեզները փոխանակել ենք մեր 15 գերիների հետ, այլ ուղղակի քայլին քայլով ենք պատասխանել։ Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր հայտարարություններում անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտությունը։ Ուզում եմ ընդգծել` խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, այսինքն` դրանք չեն բաժանում մեզ այլևս հայտնի հանգամանքների բերումով, այլ գտնվում են նրանց թիկունքում»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ 2020թ.–ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանին գերիների դիմաց պարբերաբար քարտեզներ են տվել, որպեսզի գերիների փոխանակման, մարմինների փնտրտուքի հարցում կառուցողական մթնոլորտ ստեղծվի։ Սակայն ժամանակի ընթացքում Ադրբեջանը դադարեցրեց գերիների վերադարձը և դիմեց միջազգային մարմիններին, թե ՀՀ–ն հրաժարվում է ականապատ տարածքների քարտեզները տրամադրել։

«Պաշտոնապես ասում եմ` մենք երբեք չենք հրաժարվել քարտեզներ տրամադրել Ադրբեջանին` այդ Ադրբեջանն է, որ դադարեցրել է գերիների վերադարձը։ Երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եկել էր Երևան և նախորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե կոչ են անում ականապատ տարածքների մասին տեղեկություններ տրամադրել` նաև Լավրովի հետ եմ որոշ քարտեզներ Ադրբեջան ուղարկել»,–ասաց Փաշինյանը։