գլխավոր Միջազգային Մերկելը Բայդենին պատմել է «Հյուսիսային հոսք 2»-ի հարցով իր դիրքորոշման մասին

Մերկելը Բայդենին պատմել է «Հյուսիսային հոսք 2»-ի հարցով իր դիրքորոշման մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նրա հետ համառոտ քննարկելով «Հյուսիսային հոսք 2» նախագիծը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Գիտեք, որ բանակցություններ են ընթանում ամերիկյան կառավարության և դաշնային կառավարության փորձագետների հետ: Կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, երկուսիս համար էլ կարևոր է, որ Ուկրաինան բնական գազի տարանցման գործընկեր մնա»,- ասել է Մերկելը լրագրողներին:

Ղեկավարները քննարկել են նաև Բայդենի և Վլադիմիր Պուտինի առաջիկա բանակցությունները և մտքեր փոխանակել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և «Աֆղանստանի հարցի շուրջ»: «Մենք շուտով հնարավորություն կունենանք նաև մի փոքր ավելի շատ խոսելու»,- հավելել է Մերկելը:

Նշենք՝ «Հյուսիսային հոսք 2» նախագծով նախատեսված է Ռուսաստանի ափից Բալթիկ ծովի հատակով մինչև Գերմանիա երկու խողովակաշարից բաղկացած գազամուղ կառուցել, որով տարեկան 55 միլիարդ խմ ռուսական գազ կարտահանվի Գերմանիա: Նախագծին դեմ է ԱՄՆ-ն, որը ձգտում է եվրոպական շուկայում մեծացնել ամերիկյան թերթաքարային գազի սպառման ծավալները, ինչպես նաև՝ Ուկրաինան, քանի որ գազամուղի գործարկման դեպքում Կիևը դեպի ԵՄ գազի արտահանման հարցում Ռուսաստանի համար կկորցնի իր տարանցիկ նշանակությունը:

Ավելի վաղ Վաշինգտոնը մի քանի անգամ պատժամիջոցային սահմանափակումներ է կիրառել շինարարությանը ներգրավված ընկերությունների նկատմամբ, ինչի պատճառով նրանցից շատերը դուրս են եկել նախագծից, և գործընթացը դադարեցվել է: