գլխավոր Իրադարձային Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

15 հայ գերիներին հայրենիք վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք բերելու հարցում վճռորոշ դեր է ունեցել Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Տեղեկությունը հայտնել է Sputnik Արմենիայի աղբյուրը, որը քաջատեղյակ է իրավիճակին:

Հարցն այն է, որ Շահումյանի շրջանում (Քելբաջար) ադրբեջանցի լրագրողների պայթելուց հետո ադրբեջանական կողմը համառորեն միջնորդներին խնդրել է օգնել ականապատ տարածքների քարտեզները ստանալու գործընթացում:

Աղբյուրը հայտնել է, որ վերջին շրջանում գեներալ Մուրադովը սերտ շփումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ հրամանատարության հետ։

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։