գլխավոր Տնտեսություն ԱՄՀ-ի հետ համաձայնագրով հարկային նոր կանոններ են մտցվելու, որոնք բացասաբար են ազդելու...

ԱՄՀ-ի հետ համաձայնագրով հարկային նոր կանոններ են մտցվելու, որոնք բացասաբար են ազդելու մեր բիզնեսի վրա. Ա.Խաչատուրյան

2020 թվականի դեկտեմբերին կառավարությունը ԱՄՀ-ի հետ համաձայնագիր է ստորագրել, որի համաձայն նախատեսվել են միջոցառումներ, որոնցով պետք է հարկային խստացումներ լինեն: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, տնտեսագետ Ալեքսանդր Խաչատուրյանը:

«Նոր կանոններ պետք է մտցվեն, որոնք ակնհայտորեն բացասաբար են ազդելու մեր ձեռներեցների վրա: Օրինակ, 2022 թվականի հունվարից շրջանառության հարկի շեմը ներկա 115 մլն դրամից նվազեցվելու է 58,5 մլն դրամի: Դա մեր հաշվարկներով 85 հազար ձեռներեցների վրա է ազդելու»,-ասաց նա:

Խաչատուրյանը հավելեց, որ իրենք աշխատելու են այդ շեմը բարձրացնելու ուղղությամբ, իսկ մինչ այդ շեմը պետք է պահել:

«2018-2021 թվականներին մենք շռայլություն ենք թույլ տվել եւ մոտ 2 մլրդ լրացուցիչ վարկ ենք վերցրել, եւ դա անելով չենք կարողացել ապահովել այնպիսի որակական ՀՆԱ, որ ԱՄՀ-ի մեր գործընկերների մոտ վստահություն կներշնչի, որ մեր ներդրումները կստեղծեն լրացուցիչ ՀՆԱ եւ լրացուցիչ հարկային բեռի անհրաժեշտություն չի լինի»,-ասաց նա: