գլխավոր Իրադարձային Արևմտյան երկրների դեսպանատները որևէ կերպ չեն արձագանքում իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների կիրառման...

Արևմտյան երկրների դեսպանատները որևէ կերպ չեն արձագանքում իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների կիրառման դեպքերին. Վարդևանյան

ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ ներկայիս իշխանությունը մարզպետարանների միջոցով որոշել է օգտագործել հերթական անգամ պետական բյուջեի միջոցները՝ լրիվ նեղ, քաղաքական, պրիմիտիվ նպատակներով։ Ըստ հրապարակման՝ կնքվում են քաղաքացիաիրավական պայմանագրեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պատասխանատուների հետ՝ քողարկելով դրանք իբրև մարզպետարանի հետ ծառայությունների մատուցման պայմանագրերով։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Փաստացի՝ գումարներ են տալիս իրենց նախընտրական գործունեության համար՝ պետական բյուջեի հաշվին»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ այս դեպքի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել՝ խնդրելով գլխավոր դատախազին՝ այդ հարցը քննարկման առարկա դարձնել, քանի որ սա վարչական ռեսուրսի չարաշահման դասական դրսևորումներից մեկն է։

Մյուս դեպքը, որին անդրադարձավ Վարդևանյանը, վերաբերում է տարածված տեսանյութերին, թե ինչպես է 10-ից ավելի ոստիկանական ավտոբուսներ լքում Լոռու մարզի Վանաձոր քաղաքը՝ Նիկոլ Փաշինյանի այցից հետո։ Վարդևանյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում, իսկ արձակուրդում գտնվող նույնիսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը չի կարող ունենալ նման ոստիկանական ռեսուրսի անհրաժեշտություն։ Ըստ Վարդևանյանի՝ դա ևս վարչական ռեսուրսի չարաշահում է։ Բացի դա՝ Վարդևանյանն ընդգծեց, որ ոստիկանների մի մասը լինում է ոստիկանական, մյուս մասը՝ քաղաքացիական համազգեստով, որոնք մշտապես ներկա են գտնվում հանրային հավաքների ժամանակ։

«Հասկանում ենք չէ՞ որն է սրա իմաստը, բայց դա արվում է ի հաշիվ պետական բյուջեի միջոցների, վարչական ռեսուրսի»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ ոստիկանական նման ուժի գերկենտրոնացումը նաև ճնշման էֆեկտ է ունենում, ինչը, իհարկե չի ստացվում։

Իշխանության ներկայացուցիչների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման հանգամանքի ուղղությամբ Վարդևանյանը հրավիրեց դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը։ Վարդևանյանն ընդգծեց, որ արևմտյան երկրների դեսպանատները որևէ կերպ այս դեպքերին չեն արձագանքում, կան հասարակական կազմակերպություններ, որոնք մեծ աղմուկ կբարձրացնեին նախկինում, սակայն այս անգամ այդ մասին լռում են։