գլխավոր Գլխավոր Աջակիցը մեքենայով մխրճվել է ցուցարարների խմբի մեջ (տեսանյութ)

Աջակիցը մեքենայով մխրճվել է ցուցարարների խմբի մեջ (տեսանյութ)

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Թայմս Սքուեր հրապարակում մեքենան մխրճվել է բողոքի ցույց անող ցուցարարների խմբի մեջ, պատահարի հետևանքով երեք մարդ է տուժել, գրում է Daily News հրատարակությունը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկյան մեգապոլիսում միջադեպի պահին ոստիկանական գործողությունների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար մոտ 300 մարդ է հավաքված եղել։ Բողոքի հերթական ակցիան մեկնարկել էր այն բանից հետո, երբ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Դենիել Փրյուդի առանձնակի դաժանությամբ սպանության տեսանյութը հայտնվել էր համացանցում։ 

Նախօրեին տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցարարները փորձել են հեծանիվների միջոցով փակել փողոցներից մեկի երթևեկությունը, որից հետո Ford Taurus մակնիշի ավտոմեքենան սկզբում կանգնել է ստեղծված պատնեշի մոտ, սակայն հետո վարորդը որոշել է անցնել ամբոխի միջով։ Միջադեպի հետևանքով երեք մարդ թեթևակի վնասվածքներ է ստացել։ 

Ոստիկանությունն ավելի ուշ հայտնել է, որ մեքենայի ղեկին եղածը նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներից մեկն է եղել։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Փրյուդը Ռոչեսթեր քաղաքում ձերբակալվել էր մարտի 23-ին: The New York Times թերթի տվյալներով՝ նա, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, առանց հագուստի վազելիս է եղել փողոցով և բղավել, թե վարակված է կորոնավիրուսով: Իրավապահները աֆրոամերիկացու գլխին պարկ են հագցրել, որպեսզի շրջապատին պաշտպանեն թքի կաթիլներից, և որոշակի ժամանակ նրան դեմքով սեղմած են պահել ասֆալտին: Ոստիկաններից մեկը ծնկով հենվել է վերջինիս մեջքին:

Փրյուդը կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել: Նա հիվանդանոցում մահացել է մի քանի օր անց: Աֆրոամերիկացու ընտանիքը միայն չորեքշաբթի է որոշել տարածել այդ մասին տեղեկությունը: Փրյուդի հարազատների խոսքով՝ նա հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել: Անցյալում տանից փախուստի է դիմել: