գլխավոր Հասարակություն «Սևան» ազգային պարկի պահնորդական խումբը կանխել է Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց...

«Սևան» ազգային պարկի պահնորդական խումբը կանխել է Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված իշխանի շուրջ 280 հազար մանրաձկան գողությունը

tert.am-ը գրում է․ Ձկնագողերն այս գիշեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280.000 իշխանի գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի քանակ՝ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ ցանցերի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարությունը։

«Սևան» ազգային պարկում նոր կազմավորված պահնորդական հատուկ ջոկատը հերթական շրջայցի ժամանակ՝ Կարճաղբյուրի ստորին հատվածներում, գտել է գետի ողջ լայնությամբ ձգված մանր ցանցավանդակ, որի միջոցով ձկնագողերը փորձել են հավաքել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով բուծված և Սևանա լճում ոչնչացման եզրին գտնվող իշխանի գեղարքունի տեսակի, միջինում 7 գրամ քաշով մանրաձուկն ու օգտագործել շահադիտական նպատակներով։

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը սնվում է պետական բյուջեից։ Հիմնադրամի նպատակն է լճում վերականգնել գերորսի հետևանքով ոչնչացման եզրին հասած եզակի ձկնատեսակի կենսապաշարները, այն դեպքում, երբ որոշ շրջանակներ՝ օգտվելով համացանցում առկա տեղեկատվությունից, թիրախավորել են բացթողնման վայրը։

«Սևան» ԱՊ-ի պահնորդական հատուկ ջոկատի հետևողական և հստակ մշակված գործողությունների արդյունքում ցանցավանդակը գտնվել և հեռացվել է։ Մանրաձուկը, որը կուտակվել էր ցանցավանդակում՝ կրկին բաց է թողնվել լիճ։

Դեպքի առթիվ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն։