գլխավոր Հասարակություն ԱՄՆ-ում կրկին ցույցեր են։ Ոստիկանները կրկին աֆրոամերիկացու են սպանել(լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ-ում կրկին ցույցեր են։ Ոստիկանները կրկին աֆրոամերիկացու են սպանել(լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ Նյու Յորք նահանգում կրկին մեծամասշտաբ բողոքի ակցիաներ են մեկնարկել այն բանից հետո, երբ համացանցում հրապարակվել է ոստիկանների կողմից ևս մի աֆրոամերիկացու՝ առանձնակի դաժանությամբ սպանության տեսանյութը. նշվում է, որ դեպքը տեղի ունեցել մարտին, սակայն սպանվածի հարազատները միայն նոր են կատարվածի տեսանյութը հրապարակել, գրում է Daily Mail պարբերականը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ Դանիել Փրյուդի սպանությունն աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից մի քանի շաբաթ առաջ է տեղի ունեցել, սակայն հանրային արձագանք չէր ստացել:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ Փրյուդին մերկացրած և ցուրտ եղանակին փողոցի մեջտեղում նստեցրած, ձեռնաշղթա հագցրած ոստիկանները նրա գլխին կտորից պարկ են հագցնում և այնուհետև, տղամարդու դեմքը գետնին սեղմելով, նրան շնչահեղձ անում։  Միջադեպից հետո  բժիշկները նրա մոտ ուղեղի մահ են արձանագրել. տղամարդը մահացել է յոթ օր անց՝ մարտի 30-ին։

Ցուցարարներն այժմ պահանջում են Փրյուդին սպանած ոստիկաններին ազատել աշխատանքից ու  պատասխանատվության ենթարկել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ամբողջ տարածքով մեկ բողոքի ցույցեր էին տեղի ունենում՝ պայմանավորված մայիսի 25-ին ոստիկանության նախկին աշխատակցի կողմից աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանության դեպքով:  

Վերջերս նաև Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքում ոստիկանի կողմից առանձնակի դաժանությամբ Ջեյքոբ Բլեյք անունով մի իրավախախտի սպանությունից հետո են զանգվածային բողոքի ցույցեր տեղի ունեցել։