գլխավոր Հասարակություն ԿԳՄՍՆ–ին 232 մլն դրամ կհատկացվի՝ սպորտային նպաստ տրամադրելու նպատակով (տեսանյութ)

ԿԳՄՍՆ–ին 232 մլն դրամ կհատկացվի՝ սպորտային նպաստ տրամադրելու նպատակով (տեսանյութ)

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 232 մլն դրամ՝ 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով:

Կառավարության այսօրվա հերթական նիստին նախագիծը ներկայացրեց կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այդ նախագծով պետությունը վերահաստատում է իր հանձնառությունը սպորտի ոլորտում մեծ դերակատարություն ունենալու և, ըստ էության, նոր ծրագիր է մեկնարկում: Ներկայումս ՀՀ-ում Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին, ինչպես նաև 2021 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերված մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին ամսական խրախուսական գումար չի տրամադրվում, ինչը նախկինում արվում էր ոչ պետական աղբյուրից, սակայն ամիսներ շարունակ դադարեցվել է և ծանր կացության մեջ են հայտնվել մեր մարզիկներն ու մարզիչները»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ նոր վերաբաշխմամբ՝ հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին, բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը:

«Դա նշանակում է կարևորել սպորտի դերն ու նշանակությունը և դրանով իսկ աջակցել նաև մարզաձևերի զարգացմանը, նպաստել ՀՀ հավաքականներին՝ ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցույթներում և մրցաշարերում»,- ասաց նա և նշեց, որ 2021 թվականի Օլիմպիական խաղերին պատրաստվում են 6 մարզաձևերի առաջադեմ մարզիկները, նրանց հետ աշխատում են օլիմպիական մարզաձևերի մեկ գլխավոր և 2 մարզիչներ և բժիշկներ: