գլխավոր Հասարակություն Առերեսում է եղել տուժող ոստիկանի հետ, նրա վրա ոչ մի վնասվածք չի...

Առերեսում է եղել տուժող ոստիկանի հետ, նրա վրա ոչ մի վնասվածք չի եղել

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող՝ Ֆուտբոլիստ Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանի համար մեղադրանքից պարզ չէ, թե ինչ կերպով է դրսեւորվել երիտասարդների կողմից բռնություն գործադրելը ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ։ 

«Բռնություն գործադրելը ինչո՞վ է դրսեւորվել, անհասկանալի է, թե որն է արարքը։ Եթե միջադեպն են գնահատում բռնություն․․․ Միգուցե միջադեպը, որը որ տարածվել է լրատվամիջոցներում, հետագայում ընդունենք, բայց այս պահին մեր համար պարզ չի, թե իրենք ինչն են դիտարկում բռնություն, դիմադրություն ցույց տալ հասարակական կարգը պահպանող անձանց նկատմամբ։ Այն, ինչ նկարագրված  է մեղադրանքում, ըստ իմ տեղեկության այդպես չի եղել»,- այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գոռ Միքայելյանը։

Ըստ փաստաբանի, թեեւ մեղադրանքում ասվում է, թե եղբայրները ծեծի են ենթարկել ոստիկաններին, բայց վերջիններիս հետ առերեսման ժամանակ ծեծի մասին չի խոսվել։ 

«Քննչական կոմիտեն ասում է՝ երկու ֆուտբոլիստները վիճաբանել են ոստիկանների հետ, կատարել են խուլիգանություն, ծեծի են ենթարկել նրանց։ Հիմա հետագայում՝ քննության ընթացքում, երբ որ առերեսումը կատարվում է ՃՈ աշխատակիցների հետ, ընդամենը մի հարվածի մասին են նշում։ Ենթադրենք՝ էդ ոստիկանն ամեն ինչ ճիշտ է ասում, հարվածը եղել է, արդյո՞ք դա նշանակում է՝ երկու եղբայրներ ծեծի են ենթարկել։ Ակնհայտ է, որ այն, ինչ մեղադրանքով ներկայացվել է, այդպես չի։ Չի կարա լինի, որ երկու տղա, ինչքան էլ սպորտսմեն են, հերթով բոլորին ծեծի ենթարկեն, իրենք վնասվածք ստանան ու որեւէ մեկը վնասվածք չստանա»,- նշեց փաստաբանը։

 Գոռ Միքայելյանը ներկայացրեց, որ եղբայրները պատռվածք վնասվածք ունեն նաեւ գլխի շրջանում, ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության, մինչդեռ ինչքանով ինքն է ֆիքսել, տուժող ոստիկաններից ոչ մեկը արտաքինից ոչ մի վնասվածք չունի։

«Կոնկրետ այն տուժողը, որի նկատմամաբ բռնություն գործադրվել է՝ ՃՈ աշխատակիցը, որը նշում է, որ իրեն հարվածել են ու որի համար պետք է պատասխան տա եղբայրներից որեւէ մեկը, այդ տուժողի հետ եղել է առերեսում, ոչ մի վնասվածք իր վրա չի եղել»,- ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ եղբայրները նաեւ չեն փախել, ինչն արդեն խոսում է նրա մասին, որ նրանք չեն կարող միտում ունենալ քննությունից խուսափելու։ Նրանց կալանավորելը կարող է նշանակել՝ «քար գցել նրանց կարիերայի վրա»։ 

 «Իրենց վրա բացասական ազդեցություն է ունենալու անզատության մեջ մնալու ամեն օրը։ Ազգային շահը այնքան ավելին է, չի կարելի դրա համար կալանավորել երկու հայտնի ֆուտբոլիստների։

 Հիշեցնենք, որ վիճաբանությունը Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ էր եղել, մեքենան կայանելու շուրջ։ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 23.15-ի սահմանում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել, նրանք բերման էին ենթարկվել։

Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը խաղում է Երեւանի «Արարատում»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: