
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել Վաշինգտոնի հատուկ հանձնաժողովի՝ քաղաքում մի շարք հուշարձանների, այդ թվում՝ Քրիստափոր Կոլումբոսի և ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի արձանների ապամոնտաժման վերաբերյալ առաջարկին: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ այդ կառույցները պետք է պահպանել, այլ ոչ թե քանդել, հարգանքով և ոչ թե ատելությամբ վերաբերվել, և փոխանցել հաջորդ սերունդներին։ Քանի դեռ նախագահ Թրամփը Սպիտակ տան ղեկավարն է, քաղաքապետի անպատասխանատու հանձնարարականները բացարձակապես ոչնչի չեն հանգեցնի»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ քաղաքապետը «պետք է ամաչի հուշարձանների քանդման հարցը քննարկման դնելու համար»։
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերի կարգադրությամբ հատուկ հանձնաժողովը ստեղծվել է հուլիսին՝ ռասայական խտրականության դեմ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին: Իր աշխատանքի շրջանակներում հանձնաժողովն անցկացրել է հասարակական հարցումներ, որոնք, ինչպես պնդում են, դրվել են առաջարկությունների հիմքում:
Հանձնաժողովն ավելի վաղ առաջարկել է ապամոնտաժել, տեղափոխել «Կոլումբիայի շրջանի արժեքներին հակասող» մի շարք հուշարձաններ և կառույցներ։
Կոնֆեդերատների, ինչպես նաև անցյալի մի շարք այլ քաղաքական գործիչների հուշարձանների քանդումը, որոնք հանդես են եկել ստրկության պահպանման օգտին, սկսվել է այս տարվա մայիսին՝ Մինեապոլիսում իրավախախտ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։