գլխավոր Գլխավոր Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է

Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ ամյակը: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:

1991թ. դեկտեմբեր 10-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, ԼՂ-ում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում ԼՂ բնակչությունը պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: Հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99,89%-ը (108615 մարդ) դրական պատասխանեց այդ հարցին:

Հանրաքվեին հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը:

Երեկ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ ԱՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: 

Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել Պաշտպանության բանակի զինծառայողների, ազատամարտիկների, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների, առողջապահության, կրթության, գիտության ոլորտների ներկայացուցիչների:

Գիտության, կրթության և առողջապահության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են ԼՂՀ պատվավոր կոչումներ:

Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՊԲ զինծառայողներ Կարեն Շաքարյանին, Կարեն Առստամյանին և Սամվել Պողոսյանին և ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Գրիգորյանին:

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանին և Սասուն Գաբրիելյանին: