
2020թ. օգոստոսի 31-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին ոստիկանների հետ խոսել է վիրավորական եւ արհամարհական տոնով, դրսեւորել ագրեսիվ վարքագիծ, հրաժարվել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, որից հետո ձեռքով մեկ անգամ հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում նշված քաղաքացին մեկ այլ ոստիկանի նկատմամբ եւս բռնություն է գործադրել՝ քաշքշելով նրան, որի հետեւանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: 3 ոստիկան տուժող են ճանաչվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 38-ամյա քաղաքացին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: