
Իսրայելի Սդոթ Նեգև շրջանի բնակչուհին իր իսկ հարսանեկան արարողության ժամանակ սրտի կաթված է տարել, գրում է Daily Mail պարբերականը։
Օգոստոսի 30-ին 33-ամյա հարսնացուն առանձնատան հարակից այգում տեղի ունեցող հարսանեկան արարողության ժամանակ ուշագնաց է եղել։ Նշվում է, որ հյուրերից մի քանիսը բժիշկներ են եղել և կարողացել են մինչև շտապօգնության տեղ հասնելը համապատասխան օգնություն ցուցաբերել։
Հարսնացուին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Բեեր Շևա քաղաքի բուժկենտրոն, մինչև տեղ հասնելը սիրտ-թոքային վերակենդանացում է արվել:
Հարսնացուն, որը նույնպես բժիշկ է, այժմ գտնվում է սրտաբանական բաժանմունքի ինտենսիվ թերապիայի պալատում։
Նշվում է, որ Իսրայելում սովորաբար հարսանիքները մարդաշատ են լինում, դրանց հարյուրավոր հյուրեր են մասնակցում, սակայն այժմ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, երկրում թույլատրելի են միայն փոքր միջոցառումները։