գլխավոր Տեխնո Չիպավորման գործընթացը սկսված է․ Իլոն Մասկը ներկայացրել է երկու չիպավորված խոզ, և...

Չիպավորման գործընթացը սկսված է․ Իլոն Մասկը ներկայացրել է երկու չիպավորված խոզ, և ասել, թե ով է լինելու հաջորդը

Neuralink նեյրոինտերֆեյսի նախորդ պրեզենտացիայից ուղիղ մեկ տարի անց, կարելի է ասել իզոլիացիոն լռությունից հետո Իլոն Մասկը պատմել է, թե ինչ է արվել այս մեկ տարվա ընթացքում։ Նա միանգամից պարզաբանել է, որ միջոցառման նպատակը նյութաբանության, ռոբոտատեխնիկայի, ծրագրային ապահովման մշակման, էլեկտրոնիկայի, կենսաբանության, քիմիայի, վիրաբուժության, նեյրովիրաբուժության և այլ ոլորտների տաղանդավոր մասնագետների ուշադրությունը գրավելն է, ովքեր կօգնեն իրականություն դարձնել Neuralink գաղափարը։

«Մենք չենք փորձում գումար հավաքել կամ ինչ-որ նման բան։ Մեր գլխավոր նպատակն է՝ գրավել տաղանդավոր մարդկանց ուշադրությունը, որպեսզի նրանք գան աշխատելու Neuralink-ում ու օգնեն մեզ ստեղծել այս պրոդուկտը, դարձնել այն հուսալի ու հասանելի բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան դրանից օգտվել», – հայտարարել է Մասկը։

Գրեթե բոլոր մարդկանց մոտ  տարիքի ընթացքում ի հայտ են գալիս այս կամ այն նևրոլոգիական խնդիրները։ Մեր բոլոր զգայարանները, այն է՝ տեսողություն, լսողություն, հոտառություն, մաշկի զգայունություն, վեստիբուլյար զգացում, դրանք նեյրոնային ակտիվության էլեկտրական ազդանշաններ են։ Neuralink-ի կիրառման դեպքում հնարավոր կլինի «սխալ» ազդանշանները փոխարինել «ճիշտ» ազդանշաններով՝ դրանով բուժելով հիշողության կորուստը, զայրույթը, դեպրեսիան ու այլ հիվանդությունների երկար ցուցակ, այդ թվում՝ մշտական միգրենը, ինսուլտն ու էպիլեպսիան։

Անցած մեկ տարվա ընթացքում Neuralink-ը զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Համակարգի նախորդ տարբերակը՝ բաղկացած ուղեղին հատուկ թելիկներով միացվող չիպից ու ականջի հետևի մասում տեղադրվող հաղորդիչից, չափազանց խոշոր էր։ Այդ իսկ պատճառով ընկերությունը մշակել է նոր տարբերակը։

Այժմ Neuralink-ն իրոք կոմպակտ է։ Այն ունի մետաղադրամի տեսք (23×8 մմ չափով), որում տեղադրված է ամբողջ անհրաժեշտ էլեկտրոնիկան. նեյրոններից ստացվող ինֆորմացիան փոխանցելու համար անհրաժեշտ 1024 ալիք, մեգաբիտային արագությամբ ազդանշանների հաղորդիչ, որն ունի գործողության 10 մետր տրամագիծ, ինչպես նաև մարտկոց, որի լիցքը բավարար է մեկ ամբողջ օր։ Սարքի լիցքավորումն իրականացվելու է գիշերը՝ լիցքավորման մագնիսական սարքի միջոցով։

Սարքի տեղադրումն իրականացվելու է հատուկ վիրաբուժական ռոբոտի միջոցով։ Այն պացիենտի գանգոսկրի վրա փոքրիկ անցք կանի ու կտեղադրի իմպլանտը՝ միացնելով այն ուղեղին հատուկ թելիկների միջոցով։ Մասկը վստահեցրել է, որ վիրահատությունից հետո վերքը շատ արագ կփակվի, ու շրջապատի մարդիկ անգամ չեն էլ կասկածի, որ մարդուն իմպլանտ է տեղադրված։ Վիրահատությունը տևելու է մեկ ժամից ոչ ավելի, առանց ընդհանուր նարկոզի։ Այդպիսի արդյունքների հասնելու համար ընկերությանն անհրաժեշտ են լավ մասնագետներ վերոնշյալ ոլորտներում։

Միջոցառման ընթացքում ասվել է նաև, որ Neuralink-ի թիմի գլխավոր խնդիրներից մեկն է ստեղծել երկարակյաց սարք, որն իր էլեմենտներով կաշխատի տասնյակ տարիներ առանց դեգրադացման։ Ապագայում իմպլանտի արտադրությունն ու տեղադրումը պետք է էժանանա՝ մնալով հազար դոլարի սահմաններում։

Շնորհանդեսի ընթացքում Մասկը ցույց է տվել երեք փորձարարական խոզերի։ Մեկի մոտ Neuralink-ը բացակայում էր։ Երկրորդի՝ Գերտրուդայի մոտ, տեղադրված էր Neuralink իմպլանտ։ Երրորդից իմպլանտն արդեն հեռացրել էին։ Դա ապացուցում է, որ ցանկության դեպքում իմպլանտը կարելի է հեռացնել կամ փոխարինել ավելի ժամանակակից տարբերակով՝ առանց պացիենտին վնասելու։ Երրորդ խոզը նույնքան առույգ էր, որքան մյուս երկուսը։

Գերտրուդայի ուղեղի ակտիվության ազդանշանները, ընթերցված Neuralink իմպլանտով, երևում էին էկրանին։ Հենց խոզը գետնին ուտելու բան էր գտնում, էկրանին երևում էր նեյրոնների պիկային ակտիվություն։ Մասկը հիշեցրել է, որ սարքի կառավարումն իրականացվելու է սմարթֆոնով՝ Bluetooth Low Energy տեխնոլոգիայի միջոցով։

Մասկը նաև հայտնել է, որ այս տարվա հուլիսին Neuralink-ը ԱՄՆ սննդամթերքի ու դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչության (FDA) կողմից մակնշվել է որպես ինովացիոն արտադրանք։ Այժմ ընկերությունը պատրաստվում է մարդկանց մասնակցությամբ իմպլանտի առաջին փորձարկումներին ու սպասում է անհրաժեշտ ստուգումների անցկացմանն, ինչպես նաև կարգավորող մարմինների կողմից անհրաժեշտ թույլտվությունների ու լիցենզիաների տրամադրմանը։

Չնայած միջոցառման ընթացքում ցուցադրվել է միայն իմպլանտի միջոցով ուղեղի ազդանշանների ընթերցման հնարավորությունը, հեռանկարում խնդիր է դրված օգտագործել սարքը ոչ միայն ինֆորմացիայի ընթերցման, այլև գրման համար՝ նպատակ ունենալով բուժել բոլոր այն նևրոլոգիական խնդիրները, որ նկարագրված են վերևում։

Ավելի հեռու հեռանկարում Neuralink-ը հնարավոր կլինի օգտագործել որպես Tesla ավտոմեքենաների անվարորդ հնարավորությունների կառավարման ինտերֆեյս, օրինակ՝ մտքով կանչելով մեքենան ավտոկայանատեղիից (հիմա դա արվում է սմարթֆոնի միջոցով)։ Բացի այդ, իմպլանտով հնարավոր կլինի կառավարում իրականացնել համակարգչային խաղերում։ Մասկը խոստացել է StarCraft-ի լիարժեք աջակցություն: Ապագայում մարդիկ, օգտագործելով Neuralink-ը, կկարողանան պահպանել ու վերարտադրել հիշողությունները։ Մասկը խոստովանել է, որ հիմա, իհարկե, այս ամենը հնչում է որպես գիտական ֆանտաստիկա՝ նման Black Mirror-ի սյուժեներից մեկին, ապա նշել, որ սերիալի հեղինակները շատ արդյունավետ էին ապագայի տեխնոլոգիաների կանխատեսման հարցում։ Դրանցից որոշներն օգտագործվում են արդեն այսօր։ Մասկը շարունակել է երևակայել՝ նշելով, որ մի օր հնարավոր կլինի Neuralink-ի միջոցով հիշողությունները ներբեռնել ռոբոտացված մարմնում։

Neuralink-ի առաջին կլինիկական փորձարկումները մարդկանց վրա կիրականացվեն կամավորների մասնակցությամբ, ովքեր ունեն ողնուղեղի պարանոցի հատվածի վնասվածքի հետևանքով առաջացած պարապլեգիա (վերին ու ստորին վերջույթների պարալիչ) կամ տետրապլեգիա (մասնակի կամ ամբողջական պարալիչ)։ Առաջին կլինիկական հետազոտության խնդիրն է լինելու տեխնոլոգիայի կիրառման արդյունավետության ու անվտանգության ստուգումը։