
Չինաստանը հայտարարել է, որ ավարտել է Beidou-3 արբանյակային համակարգի աշխատանքներն ու այն հանձնում է շահագործման։ Այս մասին հայտնում է CGTN-ը։ Դա տեղի է ունեցել հուլիսի 31-ին՝ պաշտոնական արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը։

Հունիսի 23-ին Չինաստանը թողարկեց համակարգի վերջին արբանյակը, որը Beidou-ի ընտանիքում 50-րդ, իսկ Beidou-3 շարքի 30-րդ արբանյակն էր։ Ուղեծրում այսօր գտնվում է 3-րդ սերնդի 35 արբանյակ։
Beidou-3-ը դիրավորվում է որպես ռուսական ГЛОНАСС-ի, ամերիկյան GPS-ի ու եվրոպական Galileo-ի գլխավոր մրցակից։ Չինական համակարգի կառուցման աշխատանքները սկսվել են դեռ 90-ականների կեսերից, իսկ 2000-ին ուղեծիր հանվեցին առաջին արբանյակները։ Հենց այդ ժամանակ էլ Beidou-ն սկսեց աշխատել Չինաստանում։ 2012 թվականից համակարգը սկսեց աշխատել Ասիական ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
AP-ն նշում է, որ հիմա Չինաստանը կարող է փոխարինել GPS համակարգը սեփական հրթիռները ղեկավարելու համար։ Իսկ դա շատ կարևոր է, հատկապես Վաշինգթոնի հետ լարված հարաբերությունների ֆոնին։ Բացի դա, Beidou-3-ը թույլ կտա Չինաստանին ավելացնել ազդեցության լծակները ասիական մյուս պետությունների վրա։