
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի հետ առևտրային պատերազմի ֆոնին դեռ օգոստոսի մեկին խոստացավ, որ անպայման կարգելափակի TikTok-ը։ Արդեն հնարավոր չէ ասել, թե սա Թրամփի որերորդ սպառնալիքն է այս թեմայով, բայց սելը հա ճռռում է ու ճռռում։ Երգը նորից նույնն է, բայց խաղացողները կարծես թե շատանում են։ ԱՄՆ նախագահի աշխատակազմում շարունակում են մտածել, որ հավելվածը տվյալներ է ուղարկում Չինաստան։
Թրամփը հայտարարել է, որ բոլոր իրավունքներն ունի արգելափակել TikTok-ը, համաձայն Ճգնաժամային տնտեսական լիազորությունների մասին միջազգային օրենքի։ ԱՄՆ ֆինանսների նախագահ Սթիվ Մինչուին նախորդ շաբաթ հայտարարել էր, որ արտասահմանյան ներդրումների հարցերով կառավարական կոմիտեն սկսելու է ուսումնասիրել TikTok-ը։
Կոմիտեի աշխատանքը կայանում է արտասահմանյան ներդրումների վերահսկումն ու ռիսկերի գնահատումը, օրինակ ազգային անվտանգության հետ կապված, փոխանցում է «Ամերիկայի Ձայնը»։ Դա կարող է ստիպել ընկերությանը հրաժարվել որոշակի գործարքներ, որոնք կարող են վտանգել ԱՄՆ ազգային անվտանգությունը։
Սոցցանցը մշակող ընկերությունը՝ ByteDance-ը, հայտարարել է, որ իր օգտատերերի տվյալները չի փոխանցում Չինաստանին։ Ավելին, այդ տվյալները պահպանվում է միայն ԱՄՆ-ում և Սինգապուրում։ TikTok-ը վերջերս գլխավոր-գործադիր տնօրեն էր նշանակել Disney-ի նախկին ղեկավար Քևին Մայերին։ Սա Պեկինից հեռանալու յուրատեսակ փորձ էր։
Ընկերությունն իր Twitter -ի միկրոբլոգում տարածել էր ԱՄՆ-ում TikTok-ի թոփ մենեջեր Վանեսսա Պապպասի կոչը սոցցանցի ամերիկացի օգտատերերին։ Նա շնորհակալություն էր հայտնել աջակցության համար և ասել էր, որ TikTok-ը ոչ մի տեղ չի գնում։ Պապպասը նաև նշել էր, որ ընկերությունում աշխատում է ավելի քան 1500 ամերիկացի, ու ևս 10 հազարը աշխատանքի կանցնեն առաջիկա երեք տարվա ընթացքում։
Reuters-ի տվյալներով, ByteDance-ը նույնիսկ համաձայն է ամբողջությամբ հրաժարվել TikTok-ի ամերիկյան մասնաբաժնից, ԱՄՆ-ում արգելափակումից խուսափելու համար։ Ավելի վաղ ընկերությունը հույս ուներ գոնե փոքր մասը պահպանել։ Կանխատեսվում է, որ ամերիկյան մասնաճյուղի նոր սեփականատերը կդառնա Microsoft, որն էլ հենց պատասխանատու կլինի ԱՄՆ օգտատերերի տվյալների պաշտպանության համար։
Այն, որ Microsoft-ն այդպիսի բանակացություներ է վարում, ավելի վաղ գրել էին The New York Times և Bloomberg պարբերականները։
ByteDance-ի մի շարք ներդրողներ, նաև մի շարք կողմնակի ընկերություներ ու ներդրումային ֆոնդեր TikTok-ի համար առաջարկում էին 50 միլիարդ դոլար, որն այս տարվա եկամուտի հիսունապատիկն է, նշում է The Bell-ը։ Սակայն Թրամփը հայտարարելով, որ ամեն դեպքում արգելափակելու է սոցցանցը, պարզ հասկացրեց, որ չի խրախուսում ամերիկյան ընկերությունների նման որոշումը, այն է՝ գնել TikTok-ը։