գլխավոր COVID-19 Facebook, Google, Amazon և Apple ընկերությունների ղեկավարներին ԱՄՆ Կոնգրեսում հարցաքննել են

Facebook, Google, Amazon և Apple ընկերությունների ղեկավարներին ԱՄՆ Կոնգրեսում հարցաքննել են

ԱՄՆ Կոնգրեսում հակամենաշնորհային գործով լսումներ են իրականացվել Մարկ Ցուկերբերգի (Facebook), Ջեֆֆ Բեզոսի (Amazon), Սունդար Պիչաի  (Google) և Թիմ Կուկի (Apple) մասնակցությամբ։ Covid-19-ի պատճառով այն անց է կացվել տեսազանգի միջոցով։

Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ խոշորագույն ՏՏ ընկերությունների ղեկավարները միաժամանակ ցուցմունք են տալիս Կոնգրեսում։ Լսումների ժամանակ նրանց բազմաթիվ հարցեր առաջադրեցին ու մեղադրեցին ոչ մրցակցային քաղաքականության ու ու անվտանգության համար, ու ոչ միշտ էր, որ Կուկը, Պիչաին, Բեզոսն ու Ցուկերբերգն ասելիք կամ պատասխան ունեին կոնգրեսականների հարցերին։ Սովորաբար նրանք բավականին կանխատեսելի պատասխաններ էին տալիս, իսկ կոնգրեսականներից մեկն էլ շփոթեց Facebook-ը Twitter-ի հետ։ Սակայն հինգ ու կես ժամանոց քննարկման ժամանակ բավականին հետաքրքիր փաստեր ջրի երես դուրս եկան։

Լսումները բացեց Գևիդ Չիչիլինեն՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեի հակամենաշնորհային ենթակոմիտեի նախագահի տեղակալը։ Նա հայտարարեց, որ բոլոր չորս ՏՏ հսկաները հավաքում են իրենց մրցակիցների տվյալները, որպեսզի կարողանան պահել իրենց շուկայում։ Նաև գնում են, կրկնօրինակում են կամ էլ ոչնչացնում են պոտենցիալ մրցակիցներին։ Նրա խոսքով, բոլոր չորս ընկերություններն էլ չարաշահում են վերահսկողական լծակները և դրանով ավելի են տարածում իրենց ազդեցությունը։

Չիչիլինեն այնքան խորացավ, որ Facebook-ին, Amazon-ին, Google-ին ու Apple-ին անվանեց մասնավոր կառավարություն։ Իր բացման խոսքը կոնգրեսականն ավարտեց հետևյալ խոսքերով․ «Մեր պետության հիմնադիրները չխոնարհվեցին թագավորի առաջ, մենք հո չե՞նք խոնարհվելու օնլայն տնտեսության կայսրերի առաջ»։

Նախագահի տեղակալի ելույթից հետո յուրքանչյուրին տրվեց հինգ րոպե։ Բեզոսը, Պիչաին, Կուկն ու Ցուկերբերգը  կարդացին այն հայտարարությունները, որոնք մեկ օր առաջ հրապարակվել էր Ներկայացուցիչների պալատի կայքում։

Բեզոսը պատմեց, որ Amazon-ն ավելի շատ աշխատատեղ է բացել, քան ցանկացած այլ ընկերություն և հերքեց բոլոր այն մեղադրանքները, թե իբր աշխատանքային պայմանները վատն են։ Պիչաին հայտարարեց, որ Google-ը խթանում է մրցակցության առաջացմանը և հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ներդրողներից մեկը։

Կուկը վստահեցրեց, որ Apple-ը ոչ մի շուկայում, որտեղ այն ներկայացված է, առաջատարի դիրքում չի գտնվում։Իսկ Ցուկերբերգն էլ, երբ ասելիք չէր մնացել, հիշեց հայրենասիրության մասին ու հայտարարեց, որ ամերիկյան ընկերությունները մրցակցում են արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք չեն կիսում ու չեն առաջնորդվում ամերիկյան արժեքներով։

Հարց ու պատասխանի ամենակարևոր և ուշագրավ հատվածները

․ Չնայած այն հանգամանքին, որ լսումներին մասնակցում էին միայն Facebook, Amazon, Google և Apple ընկերությունների ղեկավարները, կոնգրեսականները մի քանի անգամ հիշատակեցին նույնիսկ Twitter-ին։ Ենթակոմիտեի փոխնախագահ Ջեյմս Սենսենբրեններն անգամ մի քանի անգամ շփոթեց Facebook-ը Twitter-ի հետ, ու Ցուկերբերգին մեղադրեց Դոնալդ Թրամփի գրառումները ջնջելու մեջ։ Այդ գրառման մեջ Թրամփը խոսում էր Covid-19-ի դեմ պայքարում մալարիայի պատվաստանյութի օգտին։ «Հարգելի կոնգրեսական, Դուք, կարծես թե խոսում եք Twitter-ի մասին»,- պատասխանել էր Ցուկերբերգը, սակայն հավելել էր, որ դեղամիջոցների վերաբերյալ անապացույց պնդումները իրենք նույնպես հեռացնում են։

․ Կոնգրեսը հրապարակել էր Ցուկերբերգի հին նամակագրություններից որոշ հատվածներ, որտեղ կապույտ սոցցանցի ղեկավարը քննարկում էր փոքր ընկերությունները խժռելու հնարավորությունները, որոնց թվում էին Path-ն ու Instagram-ը։ «Եթե անգամ այդ հարթակների համար նոր գնորդ հայտնվի, մենք առնվազն մեկ տարի ժամանակ կշահենք ու ամեն դեպքում նրանք չեն կարողանա հասնել մեզ»,- ասել է Ցուկերբերգն իր

Ֆինանսական տնօրեն Դևիդ Էբերսմանին։ 2012-ի ապրիլին նա գրել է ․ «Instagram-ը կարող է մեզ վնասել անգամ այն դեպքում, եթե չդառնա շատ մեծ ընկերոթյուն»։ Ի պատասխան սրան, Ցուկերբերգը հայտարարել է, որ չնայած Instagram-ն իսկապես կապույտ սոցցանցի համար լուրջ մրցակից էր, ամեն դեպքում այն գնելով, նա կարողացել է մեծացնել սոցցանցի լսարանը, իսկ Առևտրային դաշնային տեսչությունը 2012-ին որևէ խախտում չի արձանագրել։

․ Կոնգրեսը հրապարակել է նաև 2010 թվականին գրված Սթիվ Ջոբսի նամակը։ Այդ նամակում Apple-ի հիմնադիրն ասում է, որ հարկավոր է փակել Facebook-ի գլխավոր iOS ծրագրավորող Ջո Հյուիթթի օդերը։ Նա բացեիբաց քննադատել էր Apple-ին iOS-ում նոր SDK-ի (ծրագրավորման միջոց) ու Objective-C լեզվի կիրառման համար։ Այդ լեզուն իսկական գլխացավանք էր դարձել ծրագրավորողների համար։ 2011 թվականի մայիսին, նամակից ընդամենը մեկ տարի անց, Հյուիթթը հեռացավ Facebook-ից։

․ Google-ի գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչաիին հարցրին, թե նա արդյո՞ք պատրաստվում է դադարեցնել իրավապահ մարմինների հետ իր գործակցությունը։ Դա պահանջում էին նրա աշխատակիցները, իսկ ավելի կոնկրետ 1650 աշխատակից։ Նրանք խնդրել էին Սունդարին դադարեցնել այդ համագործակցությունը ոստիկանական դաժանության դեմ պայքարի ֆոնին՝ հունիս ամսին։ Պիչաին պատասխանել էր ․ «Մենք պարտավորվել ենք աշխատել իրավապահ մարմինների հետ միայն այն եղանակով, որը համապատասխանում է ԱՄՆ օրենսդրությանը»։ Այս պատասխանը հանգստացրեց կոնգրեսականին։

․ Ջեֆֆ Բեզոսին առաջին հարցը տվեցին միայն երկու ժամ անց։ Amazon-ին ներկայացված մեղադրանքները հիմնականում վերաբերվում էին կողմնակի ընկերությունների տվյալները օգտագործելուն։ Ըստ ներկայացված փաստերի, Amazon-ը շփվելով ստրատփերների հետ, նրանից հավաքում է կարևորագույն տվյալները, իբր ներդրում անելու համար, հետո այդ տվյալներն օգտագործելով նմանատիպ արտադրանք է ստեղծում սեփական բրենդի անվան տակ։ Բեզոսը պատասխանեց, որ նրանց քաղաքականությունն արգելում է վաճառողների տվյալներն օգտագործել սեփական նպատակներով, սակայն նա չի կարող երաշխավորել, այդ կանոնը ոչ ոք չի խախտել։ WSJ -ն այս խնդրի մասին պատմել էր դեռ ապրիլին, սակայն Բեզոսը հայտարարել էր, որ դեռ փորձում է վերլուծել այդ խնդիրը։

․ Հանրապետական Քեն Բաքը պահանջեց, որպեսզի Ցուկերբերգը, Կուկը, Պիչաին ու Բեզոսը բարձրաձայնեին իրենց դիրքորոշումը ստրկության վերաբերյալ։ Բոլոր չորսն էլ ասացին, որ իրենց ընկերություններում նման բան չէին թույլատրի։

․ Կոնգրեսականները բարձրացրեցին նաև App Store-ում ծրագրավորողների միջնորդավճարների հարցը։ Նրանք հարցրեցին, որ արդյո՞ք պետք չէ սպասել, որ այդ միջնորդավճարը 30%-ից կբարձրանա մինչև 50%, չէ՞ որ ընկերությանը խանգարող ոչինչ չկա դա անելու համար։ Կուկը պատասխանեց, որ օնլայն խանութի թողարկումից մինչև օրս ընկերությունը դեռ ոչ մի անգամ այն չի բարձրացրել։ Սակայն հրապարակված նամակագրություններից երևում է, որ ընկերության ավագ փոխնախագահ Էդդի Քյուն առաջարկում էր բարձրացնել այն մինչև 40%, այն էլ բաժանորդագրման առջին տարում։ Կուկը պնդեց, որ խանութում առկա հավելվածներից 84%-ն ընդհանրապես ոչ մի կոպեկ չի վճարում ընկերությանը, իսկ մնացածների միա մասն էլ վճարում է  15% միջնորդավճար, մյուսները՝ 30%։

․ Պիչաիին հարցրին, արդյո՞ք կարող է Google-ը, այսպես ասած ձեռքով, անմիջականորեն ազդեց որոնման արդյուքների վրա։ Նա խոստովանեց, որ որոնողական համակարգի փոքր մասը հենց ձեռքով էլ կարգավորվում է, երբ հարցը վերաբերվում է օրենքների պահպանմանը, կամ արգելված կայքերի սև ցուցակին։ Մնացած դեպքերում որոնումն ամբողջությամբ ավտոմատացված է։

․ Facebook-ի վերաբերյալ կրկին բարձրացրին 2016 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ու Ռուսաստանի՝ դրա մեջ խառնվելու հարցը։ Նաև ռասիստական, հակասեմիտական կոնտենտի ու ատելության խոսքի տարածման հարցը։ Ցուկերբերգը հայտարարեց, որ ընկերությունը տքնաջան աշխատում է այդ ուղղությամբ ու մշտապես աշխատում է չեզոքացնել միջամտություններն ու ատելության խոսքի տարածումը։ Նրա խոսքով դրա համար ընկերությունում արհեստական բանականության բարդ ալգորիթմներ են մշակվել։

․ Կոնգրեսական Ջորդանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ընկերությունների ղեկավարները cancel culture երևույթը դիտարկում են որպես բացասական երևույթ։ Կուկը հայտարարեց, որ մարդուն անտեսել միայն նրա համար, որ այլ դիրքորոշում ունի, սխալ է։ Մարդկանց համար էլ միշտ ավելի լավ է լսել այլ կարծիք ունեցող մարդկանց։ Պիչաին ասաց, որ որոնողական հսկան ազատ ինքնարտահայտման հարթակներ է ստեղծում և հպարտանում է դրանցու ներկայացված բազմազանությամբ։ Ցուկերբերգը հայտարարեց, որ անհանգստանում է այն բանի համար, որ ոչ լիբերալ ուժերը ելույթ են ունենում ազատ խոսքի դեմ ու հավատում է, որ դա ժողովրդավարության հիմքն է։ Իսկ Բեզոսը սոցցանցերն անվանեց «Մանրուքների ոչնչացման մեքենաներ» ու իր անհանգստությունը հայտնեց այդ առիթով։

․ Կուկին հարցրին, թե ինչու App Store-ից հեռացրեց ծնողական վերահսկողության կողմնակի հավելվածները, ու դրանք վերադարձրեց միայն կես տարի անց, միայն այն բանից հետո, երբ ստեղծեց սեփական՝ Screentime հավելվածն ու թողարկեց iOS 12-ը։ Apple-ի ղեկավարը պատասխանեց, որ հավելվածները հեռացվել են անվտանգության նկատառումներով, որոնք կապված էին պրիվատության ու անձնական տվյալների պաշտպանության հետ։ Դրանք չափից շատ անձնական տվյալների հասանելիություն էին պահանջում։

․ Պիչաիին հիշեցրին մի հոլովակի մասին, որն արտահոսել էր Breitbart պահպանողական պարբերական։ Այդ հոլովակում որոնողական հսկայի թոփ մենեջերները կատաղած են Դոնալդ Թրամփի հաղթանակից ու խոստանում են «խորտակել նրան»։ Google-ի աշխատակիցները WSJ-ին պատմել են, որ հոլովակի՝ ցանցում հայտնվելուց հետո, այն որոնողական առաջարկներում իջավ մինչև 12-րդ էջ։ Պիչաին հոլովակի բովանդակությունը մեկնաբանեց, որպես ընտրությունների հետ կապված կարծիքների փոխանակում․ «Ինչպես գիտեք, ընտրությունները բևեռացնում են հասարակությանը»։ Նա խոստացավ, որ ամեն դեպքում միջոցներ կձեռնարկի, երբ Google-ի հարթակները կսկսեն օգտագործել քաղաքական մանիպուլյացիաների համար։

․ Չորս ղեկավարներն էլ ստիպված էին պատասխանել երևի թե գլխավոր հարցին՝ արդյո՞ք նրանք կարծում են, որ Չինաստանը տվյալներ է գողանում ԱՄՆ-ից։ Կուկն ու Պիչաին հայտարարեցին, որ նման դեպքերի չեն հանդիպել, որոնք կապված լինեն իրենց ընկերությունների հետ։ Բեզոսը պատասխանեց, որ շատ է լսել, որ չինական իշխանությունները տեխնոլոգիաներ են գողանում, սակայն անձամբ դրա հետ երբևէ չի առնչվել։ Նա համաձայնեց, որ ամերիկյան բրենդերի կրկնօրինակներ միանշանակ կան։ Ցուկերբերգը միակն էր, որ հայտարարեց, թե չինական իշխանությունների կողմից տվյալների գողությունը դա փաստաթղթավորված է։ Որոնողական հսկայի ղեկավարը ավելի ուշ լրացրեց իր պատասխանեը, հիշելով 2009 թվականին Չինաստանի կողմից Google-ի վրա կատարված հարձակումը։

Ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ։