գլխավոր Աշխարհ Բայդենը հրաժարվել է մեկնաբանել ՉԹՕ-ների վերաբերյալ Օբամայի խոսքերը

Բայդենը հրաժարվել է մեկնաբանել ՉԹՕ-ների վերաբերյալ Օբամայի խոսքերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մեկնաբանել երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ չբացահայտված թռչող օբյեկտների մասին խոսքերը՝ համապատասխան հարցն ուղղած լրագրողին խորհուրդ տալով այդ հարցով «դիմել Օբամային», գրում է New York Post-ը։

Ինչպես նշվում է, Fox News-ի թղթակից Պիտեր Դուչին ՉԹՕ-ների վերաբերյալ հարցը Բայդենին տվել է նրա և Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինի համատեղ ասուլիսի ավարտին։

«Նախագահ Օբաման ասում է՝ երկնքում չբացահայտված թռչող օբյեկտների լուսանկարներ և տեսագրություններ կան, որոնց ծագումը դեռևս չի պարզվել։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք, ի՞նչեր են դրանք»,- հարցրել է լրագրողը։

«Եթե ձեր փոխարեն լինեի, նրան ևս մեկ անգամ կուղղեի այդ հարցը»,- կատակել է Սպիտակ տան առաջնորդը՝ առաջացնելով սենյակում գտնվողների ծիծաղը։

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Ջեյմս Քորդենի երեկոյան շոուի եթերում խոսել էր Պենտագոնի գաղտնի պահոցների մասին, որտեղ, նրա խոսքով, պահվում են «թռչող ափսեների» լուսանկարները։

Օբաման խոստովանել էր, որ երբ 2008թ. նախագահ է ընտրվել, փորձել է պարզել` արդյոք ԱՄՆ-ն ունի գաղտնի լաբորատորիաներ, որոնք վկայում են վերերկրային քաղաքակրթության գոյության մասին:

«Նրանք փոքր հետաքննություն անցկացրին ու տվեցին բացասական պատասխան»,-ասել էր Օբաման` միևնույն ժամանակ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, գոյություն ունեն լուսանկարներ և տեսագրություններ, որոնցում չբացահայտված թռչող օբյեկտներ են և դրանց ծագումը պարզելն անհնար է:

«Հստակ չգիտենք` դրանք ինչ են: Չենք կարող բացատրել` ինչպես են դրանք շարժվել, դրանց հետագիծը»,-եզրափակել էր Օբաման: