գլխավոր Աշխարհ Բայդենն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան տարելիցի օրը Սպիտակ տանը կընդունի նրա ընտանիքին

Բայդենն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան տարելիցի օրը Սպիտակ տանը կընդունի նրա ընտանիքին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան առաջին տարելիցի կապակցությամբ Սպիտակ տանը կընդունի նրա ընտանիքի անդամներին, The Hill-ին հայտնել են Սպիտակ տան երկու աշխատակիցները։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ուրբաթ հաղորդել էր, որ Բայդենը կնշանավորի Ֆլոյդի մահվան տարելիցը, սակայն հրաժարվել էր մանրամասներ հայտնել։

«Երեքշաբթի Ջո Բայդենը կնշանավորի Ջորջ Ֆլոյդի մահվան տարելիցը։ Առաջիկա օրերին մենք ավելի մանրամասն տեղեկատվություն կունենանք այդ օրվա ծրագրերի մասին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Փսակին։

Պարբերականը նաև հիշեցնում է, որ Բադենի վարչակազմը Կոնգրեսի հավանությանն է ներկայացրել ոստիկանական համակարգում Ջորջ Ֆլոյդի արդարադատության օրենքը (George Floyd Justice in Policing Act), որը, ի թիվս այլ բարեփոխումների՝ ենթադրում է «իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկվածի նկատմամբ խեղդող միջոցների կիրառման արգելք»։

Օրենքը Ներկայացուցիչների պալատում չի արժանացել հանրապետականների մեծամասնության աջակցությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգի դատարանն աֆրոամերիկացի Ֆլոյդի սպանության համար բոլոր կետերով մեղավոր է ճանաչել ոստիկանության նախկին ծառայող Դերեկ Չաուվինին․ նախկին ոստիկանը կարող է դատապարտվել մինչև 40 տարվա ազատազրկման: 

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: 2020-ի մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները, որ շնչահեղձ է լինում:

Կատարվածից զայրացած ամերիկացիներն օրեր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացրել երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար: