գլխավոր Աշխարհ Չինաստանում մոտ 300 մետր բարձրությամբ երկնաքերը ցնցվել է. մարդիկ խուճապահար այսուայն կողմ...

Չինաստանում մոտ 300 մետր բարձրությամբ երկնաքերը ցնցվել է. մարդիկ խուճապահար այսուայն կողմ են փախչել (լուսանկարներ, տեսանյութ)

Նախօրեին Չինաստանի ամենաբարձր երկնաքերերից մեկում արձանագրված ցնցումներից հետո մարդկանց արտակարգ կերպով տարհանել են, հաղորդում է Mirror-ը։

Ինչպես մանրամասնում է պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Շենչժեն քաղաքում՝ գրեթե 300 մետր բարձրությամբ «Սեգ պլազա» (SEG Plaza)  երկնաքերում։

Տեղական ԶԼՄ-ների հրապարակած տեսանյութերում երևում է՝ ինչպես են մարդիկ խուճապահար այսուայն կողմ փախչում։ Նշվում է, որ փողոցում հետիոտները նույնպես զգացել են երկնաքերի ցնցումը, որի պատճառը դեռևս հայտնի չէ։

Տեղի իշխանությունների խոսքով՝ քաղաքում երկրաշարժ չի գրանցվել, սակայն փորձում են պարզել ցնցումների պատճառը։

Հաղորդվում է նաև, որ երկնաքերն այս պահին փակ է, և պատահարի հետևանքով, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։