գլխավոր Իրադարձային Բոլորիս պարտադրվել է խաղի մի կանոն և պետք է լավագույն քայլերը կատարել...

Բոլորիս պարտադրվել է խաղի մի կանոն և պետք է լավագույն քայլերը կատարել այս վատ իրավիճակում. Դավիթ Հարությունյան

Դեռևս 2018թ-ին մենք հստակ նշել ենք, թե ինչ վտանգներ են մեզ սպառնում, ցավոք, մեզ ոչ ոք չլսեց: Մեր բոլոր կանխատեսումները հերթով իրականանում են։ Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց արդարադատության նախկին նախարար, «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ ի սկզբանե իրենք համարել են, որ ընտրությունները լավագույն ելքը չեն ստեղծված իրավիճակում, սակայն վերջին պահին, երբ ընդդիմադիր դաշտի հիմնական ներկայացուցիչները որոշել են մասնակցել ընտրություններին, իրենք, պարտավորություն զգալով, որոշել են մասնակցել ընտրություններին։

«Ակնհայտ է, որ այս իշխանությունների օրոք ընտրությունների գնալը լավագույն լուծումը չէր, այնուամենայնիվ բոլորիս պարտադրվել է խաղի մի կանոն և պետք է լավագույն քայլերը կատարել այս վատ իրավիճակում»,- ասաց Հարությունյանը:

Հարցին՝ ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով, Հարությունյանը նշեց՝ սա ոչ թե իր անձնական որոշումն է, այլ թելադրանք՝ արտաքին ուժերի կողմից.

«Նիկոլ Փաշինյանը փայլուն կարողանում է մանիպուլացնել հասարակությանը, բայց երբ նայում ենք արտաքին հարաբերություններին, նա բացարձակապես բոբիկ է։ Կա ինչ-որ մեկի մոտ շահ, որ ՀՀ հասարակությունը մանիպուլացվի, լինի բացարձակապես թույլ արտաքին հարաբերություններում։ Այս ամբողջը մեծ մանիպուլացիոն ծրագրի մասն են, որի թիրախը ՀՀ-ն է»:

Խոսելով պատերազմի արդյունքների և ելքի մասին՝ Հարությունյանը ընդգծեց, որ այս լայնածավալ պատերազմը չէր լինի, եթե չլինեին վերջին երեք տարիների արտաքին քաղաքականության մեջ իրար վրա կուտակվող սխալները։

«Շուտով մենք կլսենք հերթական մանիպուլյացիան, որ Սյունիքում մյուս կողմերից չեն մտել, որովհետև սահմաններին վիթխարի աշխատանք է կատարվել»,- ասաց Հարությունյանը և խոսելով ընտրությունների ընթացքում հնարավոր կեղծիքների մասին, նշեց. «Ընտրություններ հայտարարելուց հետո մարզային դատախազները հանկարծակիրորեն սկսել են մասսայական ստուգումներ իրականացնել՝ նպատակ ունենալով գյուղապետերին պահել ճնշման տակ»:

Հարությունյանի կարծիքով՝ այն, որ հասարակության մի մեծ հատված ստեղծված իրավիճակում չի կողմնորոշվում, թե ինչ անել, արդյունքն է այն բանի, որմի մասը վախենում է, մի մասն էլ չի վստահում ընդդիմությանը։

«Հայրենիք-ՀՀԿ դաշինքը այսուհետ երբեք թուլ չի տալու որևէ պառակտում»,- ասաց Հարությունյանը: