գլխավոր Տնտեսություն Որքա՞ն գումար են ստացել հայ ֆերմերները 2020 թվականին որպես գյուղատնտեսական ապահովագրության փոխհատուցում

Որքա՞ն գումար են ստացել հայ ֆերմերները 2020 թվականին որպես գյուղատնտեսական ապահովագրության փոխհատուցում

ՀՀ Կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում գարնանային ցրտահարության, կարկտահարության և հրդեհի ռիսկերի գծով 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար կնքվել է թվով 1546 ապահովագրության պայմանագիր։ 2020 թվականին գրանցված ապահովագրական պատահարների հետևանքով ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրված տնտեսավարողներին վճարվել է շուրջ 151.3 մլն դրամի չափով ապահովագրական հատուցում:

2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապրիլի 30-ի դրությամբ կնքվել է թվով 3.523 ապահովագրության պայմանագիր (առավել շատ պայմանագրեր կնքվել են հետևյալ մարզերում՝ Լոռի՝ 1082, Արմավիր՝ 951, Շիրակ՝ 661 և Արագածոտն՝ 323), սակայն 2021 թվականի համար գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը դեռ շարունակվում է և ավարտվում է մայիսի 20-ին։ 2021 թվականին գրանցված ապահովագրական պատահարների հետևանքով ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրված տնտեսավարողներին կվճարվի ապահովագրական հատուցում բերքահավաքից հետո, քանի որ բերքի փաստացի վնասի չափի գնահատումն իրականացվում է բերքահավաքից 10-15 օր առաջ՝ վնասը գնահատող անկախ փորձագետի կողմից տրված եզրակացության հիման վրա։