գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահներն օգնություն են փոխանցել Արցախի բազմազավակ ընտանիքներին ու փախստականներին

Ռուս խաղաղապահներն օգնություն են փոխանցել Արցախի բազմազավակ ընտանիքներին ու փախստականներին

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են հասցրել Ասկերանի շրջանի Խնածախ և Պտրեցիկ հեռավոր բնակավայրեր: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օգնությունը տրամադրել են ռուսական հասարակական կազմակերպություններն ու բարեգործական հիմնադրամները։

Մարդասիրական ակցիայի ընթացքում այդ բնակավայրերի բնակիչներին «Ռուսական հումանիտար առաքելություն», «Դոկտոր Լիզա» և «Շտապիր բարության» («Спеши к добру») բարեգործական կազմակերպությունների անունից հանձնվել են առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ և խաղալիքներ երեխաների համար:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի սպա Վլադիսլավ Վիշեգորոդցևի խոսքով՝ յուրաքանչյուր մարդասիրական ակցիա պատրաստություն է պահանջում: Մարդասիրական ակցիայի նախօրեին մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները զանգահարում են բնակավայրերի ղեկավարներին` հստակեցնելով բազմազավակ ընտանիքների և փախստականների թիվը:

«Այստեղ երեխաներ կան, որոնք Հադրութից են եկել` այնտեղ թողնելով իրենց տունն ու ունեցածը։ Եթե պատերազմը չլիներ, երևի այդ խաղալիքները նրանց պետք չէին լինի։ Երբ նրանք վերցնում են խաղալիքները, ինձ թվում է` հիշում են տանը թողած իրենց խաղալիքները։ Ուրախությունից արտասվեցի՝ տեսնելով, թե ինչպես են մեր բարեկամներն օգնում մեզ», – մարդասիրական ակցիայի ընթացքում ասել է ուսուցչուհի Եվա Սարգսյանը։

Ռուս խաղաղապահներն ընդհանուր առմամբ ավելի քան 150 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Բացի առաջին անհրաժեշտության իրերից, փոխանցվել են առաջնային ախտորոշման սարքեր և մասնագիտական սարքավորումներ առողջապահական հաստատությունների համար: