գլխավոր Հասարակություն Եթե մի մարդ ասում է Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, նրա...

Եթե մի մարդ ասում է Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, նրա հետ էլ ինչ խոսես. քաղաքագետ

Հենց առաջին իսկ օրը Հայաստանի սուվերեն տարածք մտած ադրբեջանցիները պետք է ՀՀ օրենքի համապատասխան վնասազերծվեին, ձերբակալվեին կամ ոչնչացվեին: Ձերբակալումը կնպաստեր, որպեսզի ունենայինք բանակցային պաշար՝ գերության մեջ գտնվող մեր եղբայրներին և քույրերին հայրենիք վերադարձնելու համար: Այս ամենը պետք է արվեր հենց առաջին րոպեներին, այլ ոչ թե դրանից հետո գնային, բանակցեին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Քաղաքագետն արձանագրում է, որ պետք է ձեռնարկվեին համապատասխան միջոցներ ՀՀ սահմանները պաշտպանելու ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվել.

«Գործող իշխանությունն իր կառավարման երեք տարիների վարած քաղաքականության արդյունքում երկիրը հասցրեց կաթվածահար վիճակի: Պատերազմից անցել է վեց ամիս, բայց մեր սահմանները կահավորված չեն, իշխանությունը պարզաբանում է, թե ձյուն է եղել, դրա համար էլ սահմանին աշխատանք չի արվել, կներեք, բայց Օմարի լեռնանցքն ավելի բարձր է և մշտապես ձյուն է եղել այնտեղ, բայց սահման ունեցել ենք, տղաները պաշտպանել են և ողջ պատերազմի ընթացքում հետ չեն նահանջել: Սա պարզապես կաթվածահար եղած երկրի իրավիճակ է»:

Անդրադառնալով իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հայտարարությանը, թե բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ, քաղաքագետն արձանագրեց՝ օրենսդրությամբ գրված է, որ բանակը պետք է պաշտպանի ՀՀ սահմանները, իսկ իշխանությունը չի կարողանում օրենքը կյանքի կոչել.

«Իշխանությունը չի գիտակցում հայրենիքի գաղափարը, երբ լսում ես իրենց ներկայացուցիչներին, ասում են՝ բանակը պաշտպանում է ժողովրդին, ոչ թե ամայի տարածքներ: Օրենսդրությամբ գրված է, որ բանակը պետք է պաշտպանի ՀՀ սահմանները, բայց ստացվում է, իշխանությունը չի կարողանում օրենքը կյանքի կոչել:

Շատ են սիրում կրկնել, որ իրենք ժողովրդավար են, ժողովրդավարության արժեքների մեջ մտնում է նաև օրինպաշտությունը, օրենքներին հետևելը և քաղաքական պատասխանատվություն կրելը, որը չկա»,-ասաց զրուցակիցը:

Դիտարկմանը, որ եթե սահմանին ռազմական որևէ գործողություն չի եղել, այս պարագայում ճիշտ էր ՀԱՊԿ-ին դիմելը, քաղաքագետն ընդգծեց, որ հայկական կողմը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեր ստեղծված իրավիճակում,իսկ ՀԱՊԿ-ը լրացուցիչ անվտանգության երաշխիք է Հայաստանի համար.

«Ցանկացած պարագայում, երբ վտանգ ես զգում, կարող ես դիմել ՀԱՊԿ-ին: Իսկ ո՞վ է ասել, որ մեր սահմանների պաշտպանության խնդիրներին զուգահեռ չպետք է դիմեինք ՀԱՊԿ-ին,մեկը մյուսին չի խանգարում: Եթե իշխանությունը համարում է, որ անհրաժեշտ է դիմելը, թող դիմեն, բայց դա երկրորդ քայլն է, առաջինը սեփական ուժերով երկիրը պաշտպանելն է , դրան զուգահեռ կարելի է դիմել ՀԱՊԿ, մեկը մյուսին չի խանգարում»,-ասաց Պողոսյանը:

Նշենք, որ այսօր ԱԽ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ սահմանների ճշգրտման գործընթաց երկկողմ ֆորմատով տեղի չի կարող ունենալ, քանի Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ:

Դիտարկմանը, որ եթե հարաբերություններ չունեն, զինադադարից հետո ի՞նչ հիմքով են հայկական տարածքները զիջվել հակառակորդին, քաղաքագետն արձագանքեց.

«Իսկ այս վեց ամսվա խայտառակությունը որևէ հիմք ունե՞ր՝ բացի բանավոր պայմանավորվածությունից: Եռակողմ համաձայնագրում ասվում է՝ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են, դրանից հետո ո՞վ է ասել, որ այդ տեղերից հետ քաշվենք: Քարվաճառը և Քաշաթաղը կորցրել էի՞նք, որ դուրս եկան, Ակնայի շրջանից ինչո՞ւ դուրս եկան: Եթե մի մարդ ասում է Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, այդ մարդու հետ էլ ինչ խոսես»,-ասաց Պողոսյանը:

Իսկ բացի հանրությանը հայտնի երկու եռակողմ համաձայնագրերից, հնարավո՞ր է լինի ևս երրորդ համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, զրուցակիցը չբացառեց.

«Ազգային ժողովի ամբիոնից փոխվարչապետների մակարդակով լսել ենք, որ ասել են՝ էլի կան համաձայնություններ, ինչ-որ փաստաթղթեր են հրապարակվել, որոնք չեն հերքվել: Պարտված իշխանությունների նկատմամբ որևէ վստահություն չկա: Մենք պետականություն կորցնելու ճանապարհին ենք, Աստված տա մինչև հունիսի 20-ը երկիր կմնա»,-ասաց Թևան Պողոսյանը:

Հարցին՝ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխություն տեղի կունենա՞, քաղաքագետը պատասխանեց.

«Հուսանք, միևնույնն է ընտրություններից հետո ճգնաժամերը չեն հաղթահարվելու, ինձ չի թվում այս Ազգային ժողովը երկարատև կյանք կունենա, ապագայում էլի ենք ունենալու ընտրություններ, բայց Աստված տա հասնենք առաջնային խնդրին՝ գործող իշխանության հեռացմանը»:

Շարունակությունն սկզբնաղբյուր կայքում։