գլխավոր Իրադարձային ԱԽ քարտուղարն ասել է, թե ինչու Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցիները չեն գերեվարվել

ԱԽ քարտուղարն ասել է, թե ինչու Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցիները չեն գերեվարվել

ՀՀ սահմանը խախտած ադրբեջանցի զինծառայողների գերեվարումն ու հարցի ռազմական ճանապարհով լուծումը տեղային մակարդակում չէր մնալու, այլ շատ ավելի մեծ մասշտաբներ էր ստանալու։ Sputnik Արմենիայի և Civilnet-ի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորներն ինչու չեն գերեվարվել։

ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ նախ փորձել են գնահատել իրավիճակը, նոր միայն ձեռնարկել գործողությունները: Նշեց, որ սեղանին դրված են եղել և քննարկվել են հնարավոր տարբեր գործողություններ։ Բայց պետք է հասկանալ, որ խոսքը ոչ թե ինչ-որ լոկալ դեպքի մասին է և վերաբերում է ոչ միայն այդ տարածքներին, այլ «ավելի մեծ իմաստ ունի»։

Այդ մասին է վկայում թեկուզ այն հանգամանքը, որ Սև լճում առաջ շարժվելուց անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց 15 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների մասին։ Մինչ այդ եղել են Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Գրիգորյանը շեշտում է՝ դա իրականության հետ կապ չունի և հայկական կողմը չի քննարկել, չի քննարկում և երբեք չի քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

«Այսինքն՝ սա չի եղել մոլորություն, տեղային ինչ-որ գործողություն։ Սա սադրանք է, սադրանք է նաև նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում այդ գործընթացը խաթարելու համար։ Հայաստանը կարևորում է այդ պայմանավորվածությունը և համոզված է, որ բոլորս պետք է մնանք այդ պայմանավորվածության շրջանակներում։ Եթե որևէ մի երկիր չի մնում այդ շրջանակներում, ապա այդ երկրի համար դա պետք է հետևանքներ ունենա։ Եթե դա մոլորություն լիներ կամ փոքրիկ, տեղային քայլ լիներ, կարելի էր տեղում ռազմական ճանապարհով լուծել, բայց դա երբեք չէր մնալու տեղային, դա աճելու էր, դառնալու էր տարածաշրջանային ռազմական գործողություն և խաթարեր այն ամբողջ գործընթացները, որ տեղի են ունենում»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր զարգացումները գիտակցելով՝ որոշում է կայացվել գնալ հարցի դիվանագիտական, քաղաքական լուծման ճանապարհով։