գլխավոր Միջազգային Նախարար. Էրդողանը մասամբ պատասխանատու է Գերմանիայում հակասեմական ցույցերի համար

Նախարար. Էրդողանը մասամբ պատասխանատու է Գերմանիայում հակասեմական ցույցերի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասամբ պատասխանատու է Գերմանիայում հակասեմական ցույցերի համար, հայտարարել է Բավարիայի ՆԳ նախարար Յոախիմ Հերմանը:

«Այս բողոքի ցույցերում գերակշռում են ոչ թե ծայրահեղ աջերը, այլ նրանք, ովքեր մահմեդական կողմնորոշում ունեն եւ առաջնորդվում են նախագահ Էրդողանի եւ այլոց դաժան ելույթներով, ովքեր կարծում են, որ բախումները պետք է տարածվեն Գերմանիայի փողոցներում»,- ասել է նա Deutsche Welle-ին:

Մայիսի 9-ին Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ բախումների բռնկումից հետո հակասեմական ցույցեր են անցկացվել գերմանական մի քանի քաղաքների սինագոգերի դիմաց, ցուցարարները հակաիսրայելական կարգախոսներ են վանկարկել եւ իսրայելական դրոշներ են այրել:

«Ցույցերի ժամանակ հակասեմականության տարածումը հանցագործություն է համարվում»,- ասել է Հերմանը` ընդգծելով, որ «ֆանատիկ անհանդուրժողականություն» ունեցող մարդիկ պետք է վտարվեն երկրից: «Եթե նրանք չունեն գերմանական քաղաքացիություն կամ մշտական բնակության թույլտվություն, եւ եթե դա թույլատրված է օրենսդրությամբ, այդ մարդիկ պետք է լքեն մեր երկիրը»,- ասել է նա:

Գերմանիայի Բունդեսթագի խոսնակ Վոլֆգանգ Շոյբլեն նույնպես հայտարարել է, որ ինքը ցնցված է հակասեմական ցույցերից:

«Մեր երկիրը պաշտպանում է խոսքի ազատությունը, մարդիկ կարող են քննադատել Իսրայելի քաղաքականությունը եւ բողոքել դրա դեմ, բայց հակասեմականությանը, ատելությանն ու բռնությանը արդարացում չկա»,- ասել է Շոյբլեն:

Իսրայելը «ահաբեկչական պետություն» անվանելով՝ Էրդողանն ավելի վաղ կոչ էր արել մահմեդական երկրներին միավորվոլ Պաղեստինի ժողովրդի վրա ցանկացած հարձակման դեմ: