գլխավոր Իրադարձային Կութի ուղղությամբ ադրբեջանցիները ևս 200-300 մետր առաջ են եկել. համայնքապետ

Կութի ուղղությամբ ադրբեջանցիները ևս 200-300 մետր առաջ են եկել. համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զորամիավորումները ևս 200-300 մետր առաջ են եկել, դիրքավորվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Հետ չեն գնում, նույնիսկ ինչ-որ տեղեր էլ իրենց դիրքերն ավելի են հարմարեցնում։ Կութում մի 200-300 մետր էլի առաջացել են։ Եթե այսպես թողնենք, ուրեմն կգան ամեն տեղ էլ կհասնեն, սրա դեմը պետք է առնել»,- ասաց նա։

Նրա խոսքով`իշխանությունն ամեն ինչ պետք է անի խնդրի ռազմական լուծումը բացառելու համար։ Մյուս կողմից` պետք է արձանագրել, որ մինչև այս պահը բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ 

«Մեր կողմից բոլոր զինվորները կանգնած են, բայց ամեն դեպքում պետք է շարունակել բանակցել։ Այսպես լարվածությունը մեծանում է, ինչը կարող է պայթունավտանգ լինել։ Կարծում եմ` կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի, բայց մինչև հիմա ոչ մի շարժ չկա, թե ով ինչքանով է մեղավոր` չեմ կարող ասել»,- նշեց Ավետյանը։

Գեղամասար համայնքի ղեկավարն ասում է` մի քանի օր է, ինչ Կութում գյուղացիներն անասուններին արոտավայրեր չեն տանում, սպասում են՝ տեսնեն՝ ինչ է լինելու։

«Նրանք մտածում են` սա ժամանակավոր բնույթ է կրում, հարցը կլուծվի։ Մի քանի օրը չի խանգարի անասնապահներին, բայց եթե հարցը չլուծվեց, կարող եմ ասել, որ այդ գյուղերում անասնապահությունը վերանալու է, որովհետև բացարձակ արոտավայր չեն ունենալու»,- հավելեց համայնքապետը։