գլխավոր Գլխավոր Սահմանային խնդիրը դեռևս հանգուցալուծված չէ․ ռազմական կցորդները ՊՆ են այցելել

Սահմանային խնդիրը դեռևս հանգուցալուծված չէ․ ռազմական կցորդները ՊՆ են այցելել

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր հանդիպում է անցկացվել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է սահմանների ճշգրտման պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ որոշ տարածքների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունն ու դրա զարգացման ընթացքը:

Նշվել է, որ չնայած այն հանգամանքին, որ, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, փաստացի խնդիրը դեռևս հանգուցալուծված չէ և Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակում են գտնվել ադրբեջանական զինվորականներ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն բացարձակ անընդունելի է։ Շեշտվել է՝ ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։