գլխավոր Իրադարձային Ակտիվ բանակցությունները ՌԴ-ի հետ շարունակվում են. ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների քարտուղարները...

Ակտիվ բանակցությունները ՌԴ-ի հետ շարունակվում են. ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների քարտուղարները հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին:

Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից: Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում:

Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստը ՀԱՊԿ շրջանակներում սույն խնդրի համակողմանի քննարկման համար: Ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ արձագանքման տեսանկյունից քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի հնարավոր անցկացումը: