գլխավոր Իրադարձային Քաղաքացիները ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում հրազեններ են հանձնել

Քաղաքացիները ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում հրազեններ են հանձնել

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը։

Գորիսի բաժին զանգած տղամարդը հայտնել է, որ Արցախյան 2-րդ պատերազմից հետո զենք-զինամթերք էր բերել, որոնք թողել է Քարահունջ բնակավայրի ցուցանակի տակ։ Այդ տարածքում ոստիկանները հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 270 փամփուշտով։

ՊՊԳՎ Գորիսի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գորիսում բնակվող մի տղամարդ հանձնել է ՁՀՆ-7 տեսակի 3 նռնականետի կրակոցներ՝ լիցքավորիչով ու պայուսակով, նռնակներ ու տարբեր հրազենների և տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, բերվել էին Արցախից։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Մեղրիի բաժնում։ Հրազենը ոստիկանություն բերած տղամարդը հանձնել է նաև նռնակ, նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի 45 փամփուշտ։ Արդյունավետ էր նաև Կապանի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Կապանի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կարաբին» տեսակի հրազեն, բեկորային նռնակ, նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի 90-ից ավելի փամփուշտ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: