գլխավոր Աշխարհ Հռոմի պապն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Հռոմի պապն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

Զրույցի բովանդակությունը և մանրամասները չեն հաղորդվում, սակայն ԶԼՄ-ները ենթադրում են՝ օրակարգում կարող է լինել Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման հարցը։

Հայտնի է, որ Զարիֆը ժամանել է Հռոմ, որտեղ իտալացի գործընկեր Լուիջի դի Մայոյի հետ բանակցություններ են նախատեսված։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոսի պապի հետ և նրան փոխանցել է, որ «իսրայելական հարձակումների հասցեատերերը ոչ միայն պաղեստինցիներն են, այլև բոլոր մահմեդականները, քրիստոնյաները և ամբողջ մարդկությունը»։

Հիշեցնենք, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը սրվել է մայիսի 10-ին: Դա տեղի է ունեցել Երուսաղեմում` Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում, կողմերի միջև բախումների հետևանքով: Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։