գլխավոր Իրադարձային Փաշինյանին խորհուրդ կտամ նայել իր քաղաքական ուժին, և այնտեղ կտեսնի ադրբեջանական և...

Փաշինյանին խորհուրդ կտամ նայել իր քաղաքական ուժին, և այնտեղ կտեսնի ադրբեջանական և թուրքական ազդեցության փայլուն գործակալների. Նաիրա Զոհրաբյան

Օգտագործեմ Նիկոլ Փաշինյանի սիրած տերմինոլոգիան՝ ըստ օդում կախած լուրերի՝ Հայաստանում կա մեկ ուժ՝ ադրբեջանական և թուրքական ազդեցության գործակալ, և այդ մեկ ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժն է. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԽ նիստում այն հայտարարությանը, որ չնայած իր հորդորներին՝ ստեղծված իրավիճակը ներքաղաքական շահարկումների առարկա չդարձնելու, այնուամենայնիվ կան ուժեր, որոնք, ըստ էության, թիկունքում պրոադրբեջանական գործունեություն են ծավալում: 

«Նայեք իր խմբակցության պատգամավորներին, վեր հանեք Ադրբեջանի շահը սատարող իր խմբակցության պատգամավորների, Կառավարության անդամների բազմաթիվ ելույթները՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և լսեք իրենց հայտարարությունը՝ Թուրքիան մեր թշնամին չէ ձևակերպմամբ, և պարզ կլինի, թե որ ուժը և որ գործիչներն են Հայաստանում ազդեցության գործակալ գործիչները»,- ընդգծեց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ, որ ադրբեջանական գործակալների հարցը իրավական տիրույթում պետք է քննարկվի, և խոստանում է ամեն ինչ անել, որ հունիսի 20-ի Խորհրդարանական ընտրություններից հետո այլևս ձևավորված արդար դատական համակարգի թիվ մեկ քննարկվող հարցը լինի Հայաստանում Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցության գործակալների հարցը, որոնք նախապատրաստեցին և կնքեցին այս պատերազմը և հիմա էլ շարունակում են ադրբեջանական-թուրքական գործակալական տիրույթում իրենց գործունեությունը:

«Ազդեցության գործակալների փնտրտուքի համար ես Փաշինյանին խորհուրդ եմ տալիս հեռու չգնալ՝ հայացք գցել իր քաղաքական ուժին, և ինքն այնտեղ կտեսնի ադրբեջանական և թուրքական ազդեցության փայլուն գործակալների, որոնք, ցավոք սրտի, մինչ այսօր փայլուն կատարել են իրենց առաքելությունը: Իրենք փորձում են մեդիատեռորով, ֆեյքային գրոհներով լռեցնել այն լրատվամիջոցներին, որոնք իրենց պրոֆեսիոնալ գործն են կատարում: Փորձում են լռեցնել այն գործիչներին, այդ թվում՝ ինձ, ովքեր ունեն հստակ տեղեկություն, թե ի՞նչ է իրականում տեղի ունենում: Իմ դեպքում իրենք քանիցս առիթ ունեցել են համոզվելու, որ ինձ լռեցնել հնարավոր չէ, ես չեմ սարսափում ոչ իրենց ֆեյքերի գրոհներից, ոչ իրենց տարբեր պատգամավորների անհոդաբաշխ նախադասություններից, ես շատ ավելի կարևոր առաքելություն ունեմ, դա իմ հայրենիքը Թուրքիայի և Ադրբեջանի գործակալներից իմ հայրենիքի տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, և ես իմ բոլոր հնարավոր և անհնար գործիքներով դա անելու եմ»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ և պետք ապավինել ՀԱՊԿ-ի մեխանիզմներին՝ Զոհրաբյանն ասաց, որ համաձայն է Փաշինյանի հետ, որ պետք է ապավինել ՀԱՊԿ-ի մեխանիզմներին, որովհետև իրավիճակը շարունակում է մնալ բավականաչափ բարդ, քանի որ, չնայած ձեռք բերված փխրուն պայմանավորվածությանը, Ադրբեջանը շարունակում է չկատարել պայմանավորվածությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ն այլևս լեգիտիմ իրավունք ունեն ուղղակիորեն միջամտելու:

«Դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ պետական սահմանը հատելու դեպքի առթիվ, ակնկալում եմ, որ եթե Ադրբեջանը շարունակի զավթած պահել  Հայաստանի սուվերեն տարածքը և դուրս չգալ Սյունիքից Սև լճի հատվածից, ապա Հայաստանը լիիրավ իրավունք պետք է ունենա գերեվարելու ադրբեջանցի դիվերսանտներին, դա կլինի ամենաադեկվատ քայլը Հայաստանի կողմից»,- նշեց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե երեկ տեղեկություններ տարածվեցին, որ բանակցություններն արդյունավետ են ավարտվել, սակայն այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրադրությունը չի փոխվել, Զոհրաբյանը պատասխանեց, որ տեղեկություն ունի, որ բանակցություններում որոշակի դրական բեկում կա, բայց մենք պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք այնպիսի նենգ թշնամու հետ, ինչպիսին Ադրբեջանն է, և գործ ունենք այնպիսի երկրի հետ, որը մինչ այս որևէ պայմանավորվածություն չի պահել և չի հարգել: Պետք է գործադրվեն ՀԱՊԿ գործիքները, և Հայաստանը իր քայլերում լինի ավելի կոնկրետ և վճռական: