գլխավոր Իրադարձային Հնարավոր է` Ռոբերտ Քոչարյանը չընդգրկվի «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների նոր կազմում. armeniasputnik.am

Հնարավոր է` Ռոբերտ Քոչարյանը չընդգրկվի «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների նոր կազմում. armeniasputnik.am

ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի ընտրության հարցը կքննարկվի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում, որը տեղի կունենա հունիսի վերջին:

«Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել Արդյունաբերողների ու գործարարների ռուսական միության նախագահ Ալեքսանդր Շոխինը և «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ԳՀԻ-ի ղեկավար Յարոսլավ Կուզմինովը: Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները՝ հղում անելով կորպորացիային։

Նշվում է, որ նրանք առաջադրվել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ԲՖԿ-ի նախկին ղեկավար Անդրեյ Դուբովսկու փոխարեն:

ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի ընտրության հարցը կքննարկվի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում, որը տեղի կունենա հունիսի վերջին հեռավար տարբերակով:

Հիշեցնենք՝ Քոչարյանը 2009 թվականից «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի կազմում է, նա անկախ տնօրեն է՝ Ռուսաստանի բանկի ու Մոսկվայի բորսայի սահմանած չափանիշներին համապատասխան։ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նշանակումների, պարգևների ու կորպորատիվ կառավարման կոմիտեի նախագահն է, ռազմավարության կոմիտեի ու էթիկայի և ներքին վերահսկողության կոմիտեի անդամ:

Չի բացառվում, որ Հայաստանի նախկին նախագահի` ԲՖԿ-ի տնօրենների նոր կազմում չընդգրկվելը կապված է առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության հետ։

«Սիստեմա» ԲՖԿ-ն ռուսական հասարակական ներդրումային ընկերություն է, որը դիվերսիֆիկացված պորտֆելով սպասարկում է շուրջ 150 միլիոն սպառողի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, բարձր տեխնոլոգիաները, բանկային ծառայությունները, մանրածախ առևտուրը, էլեկտրոնային առևտուրը, գյուղատնտեսությունը, անշարժ գույքը, զբոսաշրջությունն ու բժշկական ծառայությունները: Ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին։

Աղբյուր` armeniasputnik.am