գլխավոր Միջազգային Ուկրաինայում կոչ են արել պատրաստվել Պուտինի «վրեժխնդրությանը»

Ուկրաինայում կոչ են արել պատրաստվել Պուտինի «վրեժխնդրությանը»

Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Սվյատոսլավ Պիսկունն «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում պետական դավաճանության մեղադրանքով «Ընդդիմադիր պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկի դեմ հարուցված քրեական գործի համար երկրի իշխանություններին կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրեժխնդրությանը, փոխանցում է mk.ru-ն։

Նրա խոսքով՝ ուկրաինացի քաղաքական գործչի հետապնդման կապակցությամբ արձագանքը շատ չի ուշանա և «Մոսկվան, անկասկած, դրա համար պատասխան կտա»:

«Պուտինն անմիջապես ոչինչ չի ասի, ոչինչ չի անի։ Պուտինը հետախույզ է, նա կարող է սպասել և հանդուրժել։ Հավատացեք, նրան դա սովորեցրել են հատուկ բուհերում»,- ասել է Պիսկունը։

Նա հավելել է, որ հանրապետության գործող ղեկավարությունը, հավանաբար, կանտեսի իր նախազգուշացումը, չնայած Ռուսաստանի մոտ «20-միլիոնանոց բանակի» առկայությանը:

«Ես ռազմավարական հետազոտությունների ինստիտուտին կհանձնարարեի ուսումնասիրել, թե Պուտինի վրեժխնդրության դեպքում ինչպես կարելի է հակազդել»,- նշել է նա։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մայիսի 11-ին պետական դավաճանության և պետական ռեսուրսների յուրացման կասկածանքով Մեդվեդչուկի և նրա կուսակից Տարաս Կոզակի նկատմամբ մեղադրանք է առաջադրել: Պատգամավորներին մեղադրում են ռուսական հետախուզությանը գաղտնի տեղեկությունների փոխանցելու համար։

Վիկտոր Մեդվեդչուկը հայտնի է իր ռուսամետ հայացքներով և Ռուսաստանի նախագահի հետ ունեցած սերտ անձնական կապերով։ Մեդվեդչուկի դստեր կնքահայրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է։