գլխավոր Աշխարհ ՌԴ-ում քաղաքապետը ներողություն է խնդրել բնակիչներից ճանապարհների «300 լուրջ փոսերի» համար

ՌԴ-ում քաղաքապետը ներողություն է խնդրել բնակիչներից ճանապարհների «300 լուրջ փոսերի» համար

Ռուսաստանի Բլագովեշչենսկ քաղաքի քաղաքապետ Օլեգ Իմամեևն իր ինստագրամյան էջում ներողություն է խնդրել քաղաքի բնակիչներից՝ ճանապարհների «300 լուրջ փոսերի» համար, հայտնում է lenta.ru լրատվական կայքը։

«Տաք եղանակի սկզբի համար սա աննախադեպ թիվ է։ Նախորդ տարիներին այդ թիվը մի քանի անգամ քիչ է եղել»,- ասել է քաղաքապետը և խոստացել, որ կգործադրվեն բոլոր ջանքերը՝ մինչև քաղաքի օրն առավել վտանգավոր հատվածները վերանորոգելու համար։

Քաղաքապետը նշել է, որ ինքն իրեն պատասխանատվությունից չի ազատում, սակայն հավելել է, որ ճանապարհների անբարեկարգ վիճակի պատճառները մի քանիսն են՝ ջրերի կուտակումներ, ճանապարհների մաշվածություն և որոշ տեղերում վատ կատարված աշխատանք։ Նա շեշտել է, որ «ճանապարհների հարցն» առայժմ արդյունավետ լուծում չի կարող ստանալ, քանի որ ռեսուրսներն անհամեմատելի են առկա խնդիրների հետ։