գլխավոր Աշխարհ Շաբաթական 55 ժամ և ավելի աշխատելը 35%-ով մեծացնում է կաթվածի հավանականությունը․ ԱՀԿ

Շաբաթական 55 ժամ և ավելի աշխատելը 35%-ով մեծացնում է կաթվածի հավանականությունը․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ շաբաթական 55 ժամից ավելի աշխատանքը 35 տոկոսով մեծացնում է կաթվածի և 17 տոկոսով՝ անոթային հիվանդությունների հետևանքով մահվան դեպքերի հավանականությունը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով կազմակերպության զեկույցին։

Զեկույցում նշվում է, որ 2016 թվականի ընթացքում շաբաթական 35-40-ի փոխարեն 55 և ավելի ժամ աշխատելու պատճառով կաթվածի հետևանքով մահացել է 398 հազար, իսկ սրտանոթային հիվանդությունների հետևանքով՝ 347 հազար մարդ։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսն ասել է, որ ոչ մի աշխատանքի պատճառով մարդն ինքն իրեն չպետք է հասցնի կաթվածի կամ սրտանոթային հիվանդությունների։ Նա նշել է, որ կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով առցանց աշխատանքային ռեժիմի անցնելը հաճախ բերում է աշխատանքային ժամային գոտիների խախտման, ինչպես նաև հավելել է, որ մեծ ընկերությունները հաճախ ավելի շատ են ծանրաբեռնում աշխատակիցներին։

ԱՀԿ-ն կոչ է արել համաձայնեցնել աշխատանքային ժամերը՝ աշխատողների առողջությունը չվնասելու համար։