գլխավոր Գլխավոր Ադրբեջանցիները Կութ գյուղից 5 կմ հեռավորության վրա են գտնվում, իսկ բանակցությունները շոշափելի...

Ադրբեջանցիները Կութ գյուղից 5 կմ հեռավորության վրա են գտնվում, իսկ բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել. համայնքի ղեկավար

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ադրբեջանցիները հատել են պետական սահմանը տարբեր հատվածներում և հետ չեն նահանջում:

«Ադրբեջանցիները հատել են սահմանը, բայց գյուղում անզեն վիճակ չէ, և մեր զորքն այստեղ է, մենք փորձում ենք իրավիճակը վերահսկել՝ սպասելով, որ հանգուցալուծումը կլինի բանակցությունների արդյունքում, ոչ թե ռազմական ճանապարհով: Դեռևս ոչ մի փոփոխություն չկա, ադրբեջանական կողմը կանգնած է, մի փոքր հետ են նահանջել, բայց դա հարցի վերջնական լուծում չէ»,- նշեց Հակոբ Ավետյանը:

Համայնքի ղեկավարը նաև նշեց, որ Կութ գյուղի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը առաջացել են մի քանի կիլոմետր:

«Գյուղի տարբեր հատվածներում տարբեր չափերով են առաջացել, մի տեղ՝ 2 կմ, մի տեղ՝ 3: Այս պահի դրությամբ իրենք գտնվում են սարերի վրա, որոնք գյուղից հեռու են 4-5 կմ: Բնակիչները մարտական են տրամադրված և պատրաստ են պայքարել, կռվել և անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պայքարել»,- նշեց համայնքի ղեկավարը:

Ավետյանը նաև նշեց՝ բանակցությունները շարունակվում են, բայց դեռևս շոշափելի արդյունք չկա:

Հիշեցնենք՝ երեկ Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել Կութ գյուղում տիրող իրավիճակին և նշել՝ դպրոցը և գյուղը հայտնվել են ադրբեջանական նշանառության տակ: