գլխավոր Իրադարձային Երեկվա բանակցություններն արդյունավետ են ավարտվել, սակայն դեռ չեն ավարտվել. Արմեն Խաչատրյան

Երեկվա բանակցություններն արդյունավետ են ավարտվել, սակայն դեռ չեն ավարտվել. Արմեն Խաչատրյան

Բոլորս պետք է միտված լինենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, սակայն կարող եմ հետևյալը ասել՝ շարունակվող բանակցությունների ընթացքում երեկվա փուլը բավականին արդյունավետ է ավարտվել, բայց դետալային չեմ ուզում ներկայացնել, թե որն է արդյունավետությունը։ Այս մասին Սյունիքում «Ազատություն» ՌԿ-ի և Հանրային ՀԸ հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Ամեն դեպքում, երեկվա բանակցություններն արդյունավետ են ավարտվել։ Կարծում եմ՝ ՊՆ-ն շուտով տեղեկատվություն կտրամադրի այդ մասին»,-նշեց պատգամավորը։

Նա բոլորին կոչ արեց չհրապարակել իրենց հայտնի տեղեկությունները, եթե անգամ վստահ են, որ դրանք ճիշտ են։ «Այս պահին չի կարելի այս բանակցային պրոցեսի և լարված իրավիճակիի մեջ տեղեկություններ տարածել, որոնք կարող են 180 աստիճանով փոխել ամեն ինչի ելքը։ Հորդորում եմ ձեռնպահ մնալ տեղեկատվություն տրամադրելուց, հատկապես, որ դրանց մի մասը կեղծ է, և դրանով օգտակար լինել ազգային անվտանգության խնդիրների լուծմանը»,-ասաց նա՝ հավելելով նաև, թե պաշտպանական գերատեսչության կողմից տեղեկատվությունը պետք է տրվի հրատապ։

Հարցին՝ բանկացություններն այսօր շարունակվելու՞ են, պատգամավորն արձագանքեց՝ դրանք չեն ավարտվել, բայց, իր տեղեկություններով, այսօր չեն լինի․ «Սակայն այն, որ բանակցությունները չեն ավարտվել և շարունակվելու են, միանշանակ է»,-նշեց նա։

Խաչատրյանը հաստատեց՝ բանակցություններին մասնակցում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։