գլխավոր Աշխարհ Իսրայելա-պաղեստինյան բախումների մեկնարկից ի վեր յուրաքանչյուր ժամը մեկ 3 երեխա է վիրավորվում․...

Իսրայելա-պաղեստինյան բախումների մեկնարկից ի վեր յուրաքանչյուր ժամը մեկ 3 երեխա է վիրավորվում․ Save The Children

Save the Children կազմակերպության պաղեստինյան գրասենյակը հայտնել է, որ իսրայելա-պաղեստինյան բախումների մեկնարկից ի վեր յուրաքանչյուր ժամը մեկ 3 երեխա է վիրավորվում, հայտնում է Al Jazeera լրատվականը։

«Դեռ քանի՞ ընտանիք պետք է իր սիրելիներին կորցնի մինչև միջազգային հանրությունը գործողություններ կձեռնարկի։ Որտե՞ղ պիտի վազեն երեխաները, երբ նրանց տների վրա ավիահարվածներ են տեղում», – ասել է Save The Children կազմակերպության պաղեստինյան գրասենյակի տնօրենը։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Հիշեցնենք, որ լարվածությունն Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում ՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով: