գլխավոր Իրադարձային Գեյթսը «կնոջ թիկունքում» սիրահետել է Microsoft-ի աշխատակցուհիներին․ ԶԼՄ-ներ

Գեյթսը «կնոջ թիկունքում» սիրահետել է Microsoft-ի աշխատակցուհիներին․ ԶԼՄ-ներ

Ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդա Գեյթսը, օրերս հայտնել էին իրենց ամուսնալուծության մասին, բայց ինչպես պնդում են New York Times-ի աղբյուրները՝ միլիարդատերը տարիներ շարունակ «կնոջ թիկունքում» սիրահետել է իր ընկերության աշխատակցուհիներին։

Աղբյուրների խոսքով՝ 2006 թվականին Գեյթսը ներկա է գտնվել Microsoft-ի աշխատակցուհու շնորհանդեսին, որից հետո վերջինիս էլեկտրոնային նամակով ընթրիքի է հրավիրել:

«Եթե ձեզ հաճելի չէ իմ հրավերը, համարեք՝ չեմ ուղարկել»,- թերթի հաղորդմամբ՝ էլեկտրոնային նամակում գրել է Գեյթսը, իսկ կինը «հետևել է նրա խորհրդին» և անտեսել է նամակը։

Թերթն անդրադարձել է ընկերության մեկ այլ աշխատակցուհու մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած ևս մեկ դեպքի։ Ըստ New York Times-ի աղբյուրի՝  երեկույթի ժամանակ Գեյթսը կնոջն ասել է․«Ուզում եմ քեզ կրկին տեսնել, կճաշե՞ս ինձ հետ»։

Կինը, որի անունը չի հրապարակվում, ըստ հաղորդման՝ ծիծաղել է և խուսափել պատասխանից։

Ընդհանուր առմամբ, Microsoft-ի ներկա և նախկին վեց աշխատակիցներ պնդել են, որ Գեյթսն իրենց համար «անհարմար աշխատանքային միջավայր» է ստեղծել։

Հատկանշական է, որ Գեյթսի կողմից «աշխատավայրում վատ պահվածքի» մասին նախօրեին հոդված է հրապարկել նաև The Wall Street Journal-ը։

Թերթն իր աղբյուրներին հղումով գրում է, որ Microsoft-ի տնօրենների խորհուրդը 2020 թվականին որոշել է, որ աշխատակիցներից ոմանց հետ «անհարիր» պահվածքի համար Բիլ Գեյթսը պետք է լքի խորհուրդը։  

Աղբյուրների խոսքով՝ ընկերությունն իր աշխատակցուհիներից մեկի նամակը ստանալուց հետո, որում նշվում էր, որ Գեյթսի հետ տարիներ շարունակ սեռական հարաբերություններ է ունեցել, 2019-ին դիմել է իրավաբանական ընկերությանը՝ նամակի բովանդակության իսկությունը ճշտելու և հետաքննություն անցկացնելու համար։

Հետաքննության ընթացքում տնօրենների խորհրդի որոշ անդամներ որոշել են, որ Գեյթսն այլևս չպետք է զբաղեցնի իր իսկ հիմնած ընկերության ղեկավարի պաշտոնը։

Իր հերթին, Գեյթսի ներկայացուցիչը թերթի հարցմանն ի պատասխան հայտնել է՝ տնօրենների խորհուրդը լքելու որոշումը ոչ մի կապ չի ունեցել այդ հետաքննության հետ, քանի որ Գեյթսը դեռ մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ կցանկանար ավելի շատ զբաղվել իր բարեգործական նախագծերով: