գլխավոր Աշխարհ Գազայում բախումների հետևանքով պաղեստինյան կողմի զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում՝...

Գազայում բախումների հետևանքով պաղեստինյան կողմի զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում՝ 54 երեխա

Այսօր վաղ առավոտից իսրայելական կողմը վերսկսել է Գազայի ուղղությամբ ավիահարվածները: Դա տեղի է ունեցել Իսրայելի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուի այն հայտարարությունից ժամեր անց, համաձայն որի սկսվելու են պաղեստինյան անկլավի վրա հարձակումներ, հայտնում է Al Jazeera լրատվականը։ Հայտնի է, որ ավիահարվածների հետևանքով վիրավորվել է մեկ պաղեստինցի։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հրթիռներ էր արձակել իսրայելական Աշխելոն և Բեեր Շևա քաղաքների ուղղությամբ։ Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Կիրակի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է առկա իրավիճակը, սակայն այս ուղղությամբ համաձայնություն ձեռք չի բերվել։ Չինաստանի պնդմամբ՝ խորհրդի ընդհանուր տեսակետին խանգարում է Միացյալ Նահանգները։

Գազայում էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունն ասել է, որ քաղաքի «լայն տարածքներում» հոսանքի անջատումներ են եղել այն բանից հետո, երբ իսրայելական հարվածների հետևանքով վնասվել է քաղաքի հարավային շրջաններին հոսանք մատակարարող միակ գիծը և հավելել, որ փորձում են վերականգնել այն։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ արձագանքել է Մոնրեալում իսրայեցի և պաղեստինցի ցուցարարների միջև բախմանը՝ նշելով․ «Կանադայում յուրաքանչյուր ոք խաղաղ հավաք անցկացնելու և ազատ արտահայտվելու իրավունք ունի։ Սակայն մենք չենք կարող և չենք հանդուրժելու հակասեմականությունը, իսլամաֆոբիան կամ ցանկացած տեսակի ատելություն»։

ՀԱՄԱՍ-ը, իր հերթին, հայտարարել է, որ Իսրայելը հարվածել է «դատարկ դաշտերին, դատարկ և տարհանված ռազմական բազաներին և ուսումնական ճամբարներին»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի զինված ուժերում հայտարարվել է մոբիլիզացիա, և 7000 պահեստազորի անդամ տեղակայվել էր Գազայի հետ սահմանին՝ նշելով, որ ցամաքային հարձակումը դիտարկման ենթակա տարբերակների շարքում է։ ՀԱՄԱՍ-ի ռազմական հարցերով խոսնակը հայտարարել էր, որ պատրաստ են Իսրայելին ռազմական «կոշտ դասեր» տալ, եթե վերջինս որոշի ցամաքային ներխուժում իրականացնել:

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: