գլխավոր Իրադարձային Արցախի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված բնակիչներին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված բնակիչներին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․

Երեկ այցելել եմ Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված և Վանք, Առաջաձոր, Չարեքտար համայնքներում ապաստանած մեր հայրենակիցներին։ Տեղահանված բնակիչներին հուզող ամենաառաջնային հարցերի շրջանակը ընդգրկում է Արցախի անվտանգությանը, կանխատեսելի ապագային, տեղահանված բնակչությանը կացարաններով և աշխատանքով ապահովելու և սոցիալական խնդիրներին առնչվող հարցերը, որոնք համակարգված առաջարկների տեսքով ներկայացնելու եմ ոլորտային պատասխանատու մարմիններին։ Անմիջական զրույցներում վեր են հանվել սոցիալական և քաղաքացիների կենսապայմանների հետ կապված խնդիրներ, որոնք քաղաքացի-պետական կառավարման համակարգ կոորդինացված հարաբերությունների դեպքում հեշտությամբ կարող են ստանալ իրենց լուծումները։

Պետք է արձանագրենք նաև, որ տեղահանված բնակիչների կարիքներին վերաբերող տեղեկատվության փոխանակման ճիշտ կազմակերպման անհրաժեշտություն կա, որի ապահովման դեպքում պետական համակարգը առավել օպերատիվ և թիրախային կարող է գտնվել և այդպիսով լուծումներ գտնել բազմաբնույթ հարցերի։ Որևէ պարագայում քաղաքացին միայնակ չպետք է մնա իրեն պատուհասած խնդիրների հետ։ Տեղահանված բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված պետական աջակցությունը չպետք է ուշանա, որոհետև որոշ դեպքերում քաղաքացիները ապրում են այնպիսի դժվարին պայմաններում, որտեղ պահպանված չեն նվազագույն կենսապայմանները, անգամ անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ պայմանները։ Որպես խոցելի խմբի՝ տեղահանված բնակչության խնդիրները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում, նրանց հետ պարբերական հանդիպումները մեզ համար առաջնահերթություն են, քանի որ դա լավագույն մեթոդն է տեղում ծանոթանալու խնդիրներին, քննարկելու այս կամ այն խնդրի լուծման ուղիները և դրանք բարձրաձայնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առջև։