գլխավոր Սպորտ Անհրաժեշտ է ամեն ինչ լավ կշռադատել. Մխիթարյանը խոսել է «Ռոմայում» մնալ–չմնալու մասին

Անհրաժեշտ է ամեն ինչ լավ կշռադատել. Մխիթարյանը խոսել է «Ռոմայում» մնալ–չմնալու մասին

Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sky-ի հետ հարցազրույցում խոսել է հռոմեական ակումբում իր հետագա ճակատագրի մասին։

«Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում հանդես եմ գալու «Ռոմայում»։ Տեսնենք։ Որոշում ընդունելու համար դեռ ժամանակ կա։ Ես սիրահարված եմ այս ակումբին, այս քաղաքին, երկրպագուներին, բայց անհրաժեշտ է ամեն ինչ լավ կշռադատել»,–ասել է հայ ֆուտբոլիստը` «Լացիոյի» հետ խաղում հաղթանակ տանելուց հետո։ Մխիթարյանը հիշեցրել է, որ ինքն արդեն  32 տարեկան է, և ընտրություն կատարելը հեշտ չէ:

Նշենք, որ Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Ռոման» 2։0 հաշվով հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ։ Հայ ֆուտբոլիստը հռոմեական դերբիում դարձավ գոլի հեղինակ։

ամռանը «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային կփոխարինի պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որը գլխավորում էր »Մանչեսթեր Յունայթեդը» այն ժամանակահատվածում, երբ Մխիթարյանը խաղում էր այդ ակումբում։ Մարզչի ու հայ ֆուտբոլիստի հարաբերություններն այնքան էլ հարթ չէին։

«Այն, ինչ տեղի ունեցավ Մանչեսթերում, այնտեղ էլ ավարտվում է, եթե ես մնամ, մենք կսկսենք զրոյից: Պետք է հասկանանք, որ, եթե ուզում ենք ինչ-որ բան հաղթել, մեզ միևնույն ամբիցիաներն են անհրաժեշտ: Եթե մնամ թիմում, ամեն ինչ կանեմ թիմին օգնելու համար»,–ասել է Մխիթարյանը`հավելելով, որ ժամանակ կունենան այդ մասին խոսելու:

Նա նշել է, որ սա իր լավագույն մրցաշրջանն է «Ռոմայում» և կցանկանար տիտղոս նվաճել հռոմեական ակումբի հետ, բայց ափսոս այս անգամ չստացվեց։

«Իմ դերակատարությունը խաղադաշտում ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Ես պարզապես ցանկանում եմ խաղալ և հաճույք ստանալ խաղից իմ թիմակիցների հետ միասին»,–ասել է Մխիթարյանը։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։